«Ձյունիկ Սառնարան» ՍՊԸ-ի հետ կապված գործընթացներում միտում ենք տեսնում, «չկա գույք՝ չկա խնդիր» սկզբունքն է գործում. փաստաբան (տեսանյութ)

18:23 • 01.07.20

«Ձյունիկ Սառնարան» ՍՊԸ-ի շուրջ կատարվող գործընթացներում հրդեհներից մինչև պայթեցման հետ կապված հարցերում, ինչպես նաև փոխկապակցաված ընկերության՝ «Ամստեր Ֆլաուերս»-ի սնանակացման գործընթացում միտում ենք տեսնում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Գուրգեն Գրիգորյանը: Նա մանրամասնեց, որ այդպիսով երկու խնդիր է լուծվում՝ հարկերից խուսափելու, ինչպես նաև պահատվության հանձնված ապրանքի փոխահատուցումից ազատվելու:

Գուրգեն Գրիգորյանը հանդիսանում է ՊԵԿ քննչական վարչությունում քննվող հրդեհի գործով «Դոնմալ» ՍՊԸ-ի շահերի ներկայցուցիչը, «Դոնմալ» ՍՊԸ-ն 2019թ․ հրդեհից հետո տուժել է 157մլն ՀՀ դրամ գումարի չափով:

«Ինչպես գիտեք լրատվամիջոցներում կատարվեց հրապարկում, որ այսօր «Ձյունիկ Սառնարան» ընկերությունում կատարվելու է պայթեցման աշխատանքներ, ՍՊԸ-ի գույքը պետք է ոչնչացվի, այստեղ մենք միտում ենք տեսնում, որ ուղղակիորեն հանցագործության հետքեր են թաքցվում, որի հետևանքով և՛ կազմակերպություններին, և՛ պետությանը հասցվում է զգալի չափերով վնաս»,-փաստաբանը նշեց, որ այստեղ գործում է«չկա գույք՝ չկա խնդիր» սկզբունքը:

Նա ընդգծեց, որ այն ընկերությունը, որի շահերը ներկայացնում է, այժմ սնանկացած է, դատարանի որոշմամբ գույքը վարկային պարտավորությունների դիմաց բանկը վերցրել է:
Նա ընդգծեց, որ 30-ից ավել ընկերություններ հրդեհից տուժել էին:

Փաստաբանը հիշեցրեց, որ 2019թ․ օգոստոսի 19–ին Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում գտնվող «Ձյունիկ Սառնարան» ՍՊԸ սառնարանային շինությունում բռնկված հրդեհի առթիվ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 185–րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործոթյան հատկանիշներով 2019թ․ օգոստոսի 27–ին Երևան քաղաքի դատախազության դատախազի կողմից հարուցվել է թիվ 63201419 քրեական գործն ու ուղարկվել նախաքննության կատարման, որը ՀՀ գլխավոր դատախազի կողմից ուղարկվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչություն։

Ըստ նրա՝ այսքան ժամանկահտվածում գործում առանցքային տեղաշարժեր չկան, փոխարենը իրենք գործն ուսումնասիրելիս առնվազն կասկած հարուցող գործընթացներ են հայտնաբերել: Նա մանրամասնեց, որ «Ձյունիկ Սառնարան» ՍՊԸ-ի հետ փոխկապակցված ընկերությունը «Ամստեր Ֆլաուերս»-ը կարճ ժամանակահատվածում սնանակ է ճանաչվել, իսկ Ձյունիկ Սառնարան» ՍՊԸ-ն իր գույքով երաշխավորել էր այդ ընկերության 4.000.000 ԱՄՆ դոլար գումար վարկի համար: Նա մանրամասնեց, որ «Ամստեր Ֆլաուերս»-ը սնանակ է ճանաչվել «Տորնադո» ընկերության հայցի շրջանակում:

«Ուշադրության է արժանի այն, որ մոտ 4.000.000 ԱՄՆ դոլար պարտավորություն ունեցող կազմակերպությունը սնանկ է ճանաչվում 1.328.177 ՀՀ դրամ պարտավորությունները չկատարելու համար: «Տորնադո» սահմանափակ պատասանատվությամբ ընկերությունը՝ «Ամստեր Ֆլաուերս» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկություն ՍՊԸ սնանկ ճանաչելու համար 500.000 ՀՀ դրամ պետական տուրք է վճարել, ինչը անտրամաբանական է՝ 1.300.000 ՀՀ դրամը ետ ստանալու համար 500.000 ՀՀ դրամ ծախս կատարելը»,-ասաց նա:

Գուրգեն Գրիգորյանը ասաց, որ իրենք տեղեկություններ ունեն, որ «Ձյունիկ Սառնարան» ՍՊԸ-ի տարածքում ցանկանում են էլիտար թաղամաս կառուցել: Նա նշեց, որ տեղեկատվությունը փոխանցել են նաև իրավապահներին:

Փաստաբանը նաև մանրամասնեց, որ «Ձյունիկ Սառնարան» ՍՊԸ պատկանող գրավադրված շենք-շինությունում հրդեհ է բռնկվել սնանկության գործով գնահատման աշկատանքներից առաջ և շենք-շինությունները գնահատվել է բավականին ցածր գնով: