Ամենակարևորն այն է, որ քննական կենտրոնի մոտ թույլ չտանք կուտակումներ. Արայիկ Հարությունյանը՝ ընդունելության միասնական քննությունների անցկացման մասին
Ամենակարևորն այն է, որ մենք թույլ չտանք քննական կենտրոնի մոտ կուտակումներ, որ լրացուցիչ զարկ չտանք կոոնավիրուսի նոր ալիքի տարածմանը: Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցին հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարութունյանը՝ անդրադառնալով բուհերի ընդունելության քննություններին:
«Մենք որոշեցինք անցկացնել ընդունելության մեկ քննություն՝ ապահովելով անվտանգության բոլոր կանոնները: Ըստ դրա՝ ՀՀ-ում, 47 քննական կենտրոններում, որոնցից 17-ը Երևանում են, մյուսները՝ մարզերում, հուլիսի 2-ին, 4-ին, 6-ին, 8-ին կկայանան միասնական քննություններ: Ամենահագեցած օրը լինելու է հուլիսի 6-ը»,-հայտնեց նա՝ դիմելով ծնողներին, որ հնարավորինս զերծ մնան քննական կենտրոնի մոտ ավանդական հավաքներից:
Նախարարաը հորդորեց, որ եթե, այնուամենայնիվ, դիմորդն ուղեկցության կարիք ունի, նրան ուղեկցի մեկ անձ, ապա լքի տարածքը:
Հարությունյանը նշեց, թե իրենք սերտորեն համագործակցում են ՏԻՄ-երի, ոստիկանության, ԱԻՆ-ի հետ:
«Քննական կենտրոնները նախապես ախտահանվելու են, իսկ դիմորդները, տարածք մուտք գործելուց առաջ, ջերմաչափվելու են, ներկա են լինելու Առողջապահության նախարարության և բուժանձնակազմի ներկայացուցիչներ»,-եզրափակեց Հարությունյանը:










