ՊՆ-ում տապալված մրցույթի մասով «ORSIS»-ի վերաբերյալ քրեական գործն անսպասելիորեն կարճվել է. Ալեքսանդր Սիրունյանը հայտնում է, որ առաջիկայում կխոսեն բանակում առկա կոռուպցիոն երևույթների մասին
Պաշտպանության նախարարությունում զենքի գնման մրցույթում հաղթող ճանաչված և ապա մրցույթը չկայանալու ընթացակարգերի վերաբերյալ քրեական գործը՝ ռուսական «ORSIS» ընկերության վերաբերյալ, Հատուկ քննչական ծառայությունն անսպասելիորեն կարճել է՝ զենք արտադրող ընկերության վերաբերյալ քրեական գործը. Tert.am-ին տեղեկացրեց «ORSIS» ընկերության փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը:
Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն նոր քրեական գործը հարուցել է ՀՀ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյայի՝ ՊՆ փոխնախարար Մակար Ղամբարյանի կողմից արժեքավոր նվեր յուրացնելու և երկրում «ORSIS»-ի շահերը ներկայացնող փաստաբանի աշխատանքը խոչընդոտելու փաստերով:
Փաստաբանի խոսքով՝ ռուսական կողմը ցուցմունք է տվել, որ Մակար Ղամբարյանը իրենցից 300 հազար դոլար գումար է ուզել: Սակայն քննիչը պնդել է, որ մի կողմն է նշում գումար տրամադրելու մասին, սակայն օբյեկտիվ ապացույց չկա:
«Իր հերթին «ORSIS» ընկերությունը պնդում է, որ բանակին նվիրել են զենք, քանի որ ձևավորվել են գործընկերային հարաբերություններ: Ինչպես նաև այն զինվորական բարձրաստճան աշխատակիցները, որոնք թոշակի են անցնում ավանդույթի համաձայն, զենք են նվիրում և ռուսական կողմն որոշել է նվիրել այդ զենքերը: Սակայն Մակար Ղամբարյանը առաջին զենքը, ոչ միայն տարել է տուն, այլ իր անունով է գրանցել, սակայն քննիչը որոշման մեջ գրել է, որ Մակար Ղամբարյանը զենքը վերցրել էր, չգիտեր ինչ աներ, քանի որ պետությանը հանձնելու կարգ չկար ու մնացել է իր մոտ: Այն դեպքում, երբ հաշիվ ապրանքների մեջ գրված է՝ նվիրաբերող՝ «ORSIS», ստացող՝ Պաշտպանության նախարարություն՝ պարգևատրումների համար»,-ասաց Ալեքսանդր Սիրունյանը:
Փաստաբանի փոխանցմամբ, քրեական գործը կարճվել է հետեւյալ պատճառաբանություններով՝ ՊՆ փոխնախարար Մակար Ղամբարյանը, բանակին նվիրաբերված հրացանը պահել է իր մոտ, քանի որ չի իմացել այն բանակին հանձնելու ընթացակարգը, երկրորդ՝ Մակար Ղամբարյանի ռուսական կողմից կաշառք պահանջելու փաստը լիովին ապացուցել հնարավոր չէ, քանի որ այդ մասին ասում է միայն ռուսական կողմը և երրորդ պատճառաբանությունն, ըստ փաստաբանի՝ այն է, որ բանակի կողմից գնվող փամփուշտների գինը կտրուկ նվազել է, երբ հայկական շուկա է մտել «ORSIS» ընկերությունը, սակայն դրանք պետք է դիտարկել, որպես բիզնես հարաբերություններ:
«Զավեշտը հատկապես կայանում է նրանում, որ՝ փամփուշտների հարցում ի՞նչ բիզնես հարաբերությունների մասին է խոսքը, եթե ռուսական փամփուշտը, որն արտադրում էր ու արտադրում է ռուսական նույն ընկերությունը, նախկինում գնվում էր միջնորդների միջոցով՝ թանկ, հիմա գնվում է նույն ընկերությունից, սակայն ուղղակի ու, բնականաբար էժան: Ինչ է, տեղը չգիտեի՞ն: Ի վերջո, տարիների ընթացքում այդ վնասը՝ ամեն փամփուշտի գնի մեջ 3-4 դոլարը, ընդ որում՝ խոսքը հսկայական քանակի մասին է, պետք է համարվի ընդամենը անհաջող «բիզնես»-ի հետևա՞նք»:
Փաստաբանի խոսքով՝ մոտ օրերս իրենք պատրաստվում են հանդես գալ լայնածավալ հաղորդմամբ՝ քրեական գործի ու բանակում առկա կոռուպցիոն ռիսկերի մասին:
Նշենք, որ «ORSIS» ընկերություն պատրաստվում է հանդես գալ լայնածավալ հաղորդմամբ՝ քրեական գործի ու բանակում առկա կոռուպցիոն ռիսկերի մասին:
Հայաստանի պաշտպանության նախարարության՝ զենքի մատակարարման վերաբերյալ տենդերի խափանումից հետո, որին մասնակցում էր միայն ռուսական «ORSIS» ընկերությունը, հարուցվել է քրեական գործ։
Նշենք, որ «ORSIS» ընկերությունը ընդգրկված է «Պրովմետոլոգիա» խմբում և զբաղվում է հրազենի, փամփուշտների ու հատուկ օպտիկայի արտադրությամբ ու մատակարարմամբ։
«ՊՐՈՄՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ընկերության ու վերջինիս հայաստանյան գործընկեր «ՕՐՍԻՍ ԱՐՄՍ» ընկերության համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ սկսվել է ընդամենը 2017թ․, որի ընթացքում Հայաստանի զինված ուժերին կատարվել են անհրաժեշտ, որակյալ ու բարձրակարգ ռազմամթերքի խոշոր մատակարարումներ:










