Ի՞նչ չափորոշիչներով է որոշվում ուսուցչի արդյունավետությունը․ արդյունավետ է նա, ով լավ գիտի՞ առարկան, թե՞ ով սիրված է տնօրենի կողմից․ Սերոբ Խաչատրյանը՝ հանրակրթության ոլորտի փոփոխությունների մասին
Հանրակրթության պետական չափորոշչի նախագծում սահմանված են մի շարք փոփոխություններ՝ կապված աշակերտների գնահատման, ուսուցիչների ատեստավորման նոր համակարգի, ավագ դպրոցում հոսքային ուսուցման վերացման և դպրոցի կողմից ուսումնական պլանի ձևավորման հետ կապված:
Ծրագրով նաև նախատեսվում է ատեստավորման նոր համակարգ ներդնել, ըստ որի՝ մասնագետի աշխատավարձը կարող է բարձրանալ կամավոր ատեստավորման միջոցով: Այն մանկավարժն, որն 90 տոկոս արդյունավետություն է ցուցաբերում, նրա աշխատավարձը կբարձրանա 50 տոկոսի չափով, 80 տոկոսից ավել հավաքած մանկավարժների աշխատավարձը կբարձրանա 30 տոկոսի չափով: 60-70 տոկոսը կհամարվի հաղթահարված շեմ, իսկ մինչև 59 տոկոսի դեպքում, ուսուցչի վերատեստավորման կարիք կլինի և եթե մեկ տարի անց չկարողանա սահմանված շեմը հաղթահարել, որոշում կկայացվի նրա հետագա գործունեության վերաբերյալ:
Ատեստավորման նոր համակարգի առավելությունների և հնարավոր ռիսկերի վերաբերյալ Tert.am –ը զրուցեց կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ: Նրա կարծիքով առաջին հայացքից նախագիծը տրամաբանական է թվում՝ ով լավ է աշխատում, նա շատ աշխատավարձ պետք է ստանա, սակայն հարցն այն է, թե ի՞նչ սկզբունքով պետք է որոշեն ուսուցչի արդյունավետ աշխատանքը.
«Նախ հասկանանք ի՞նչ չափորոշիչներով է ընտրվում լավ ուսուցիչը: Ո՞վ է լավ ուսուցիչը, ո՞վ լավ գիտի առարկան և լավ է դասավանդում, լավ է աշակերտների և ծնողներ հետ աշխատում, նա ով սիրվա՞ծ է տնօրենի կողմից: Շատ դժվար է ուսուցչի աշխատանքում որոշել՝ ո՞վ է լավագույնը: Հենց այդ պատճառով առաջանալու են որոշակի խնդիրներ, թե ինչքանով են այս չափանիշները ճիշտ ընտրված»:
Փորձագետի կարծիքով՝ պետք է բոլոր ուսուցիչների աշխատավարձը բարձրացնեն, իսկ լավագույններին կարող են 20 կամ 30 տոկոս ավել վարձատրել:
«Եթե մի ուսուցիչ 50 տոկոս բարձր աշխատավարձ է ստանում, մյուսի մոտիվացիան կորում է, չէ որ երկուսն էլ նույն դասաժամերով են աշխատում են: Պետք է զգույշ լինել՝ շատ հարաբերական է լավագույն ուսուցչի հատկանիշները: Կրթության մեջ կան հարցեր, որ դժվար է չափել, ո՞նց ես չափելու ուսուցիչը լա՞վ մարդ է, թե՞ վատ մարդ: Կարող եք ասել՝ գնացեք աշակերտներին հարցրեք, բայց ունենք այնպիսի ուսուցիչներ, որ կարող են աշակերտներից կեղծ կարծիքներ հավաքել»:
Մյուս փոփոխությամբ սահմանվում է, որ պետք է յուրաքանչյուր դպրոց ձևավորի իր սեփական ուսումնական պլանը, կրթության փորձագետը պարզաբանում է, որ փոփոխությունը վերաբերում է և դասաժամերին և առարկաներին: Օրինակ, մեկ դպրոց կարող է որոշել, որ հայոց լեզու առարկան պետք է շատ դասավանդվի, իսկ մյուս դպրոցը նախապատվությունը կարող է տալ մաթեմատիկային.
«Այս գաղափարը դպրոցներին ճկունություն կտա ինչ չափով աշխատել, բայց պետք է հստակ չափանիշներ դրվեն, որպեսզի կամայական ձևով ժամեր չբաշխվեն: Ըստ որոշման՝ ավագ դպրոցում հոսքային ուսուցում չի լինելու, աշակերտներն իրենք են ընտրելու իրեն դասացուցակը՝ առարկաներն և ժամաքանակը: Բայց գյուղի դպրոցներում ո՞նց է լինելու, երբ ենթադրենք կա 5 երեխա են և 5-ն էլ տարբեր առարկաներ են ցանկանում սովորել, կարողանալո՞ւ ենք 5 դաս ֆինանսավորել»:
Անդրադառնալով հեռավար կրթության խնդիրներին փորձագետը նշեց, որ կրտսեր և միջին դպրոցում ավագ և համալսարանների հետ համեմատ՝ ավելի դժվար է հեռավար կրթության կազմակերպումը: Փոքր երեխաներին դժվար է նստեցնել համակարգչի դիմաց և դաս սովորեցնել, իսկ մյուս խնդիրը այն է, որ ուսուցիչները հեռավար կրթություն իրականացնելու համար, պետք է տիրապետեն համակարգչին, իսկ այսօր ուսուցիչների մոտավորապես 23 տոկոսը 60 տարեկանից բարձր են և ակնհայտ է, որ այդ տարիքի ուսուցիչների համար մեծագուն խնդիր է տեխնոլոգիաներ օգտագործելը:










