Այս պահին ռեզերվային ուժը չեն կարող հեռացնել տարածքից, քանի որ մեծաթիվ բնակիչներ են հավաքվել․ Ամուլսարի պահնորդային ծառայության ղեկավար (տեսանյութ)

11:36 • 01.07.20

12:44


Պահնորդային ծառայության ղեկավարը նշեց, որ այս պահին ռեզերվային ուժը չեն կարող հեռացնել տարածքից, քանի որ մեծաթիվ բնակիչներ են հավաքվել:

Բնակիչներից մեկն էլ ասաց, որ այսօր բողոք ունեն, քանի որ ծառայողները փայտեր են տեղաշարժել, մինչդեռ ընդհանուր հայտարարի գալու համար պետք է փոխհամաձայնությամբ քայլեր իրականացնել: Բնակիչը խոստացավ, որ ամեն ինչից անկախ ժողովուրդը սպասելու է մինչև պահնորդային մեծ թվով ծառայողները հեռանան, որպեսզի նրանք էլ տուն գնան:

Նշենք, որ վիճաբանություն և լարված իրավիճակ սկսվեց Ամուլսարի պահապանների և պահնորդային ծառայության ղեկավարի հետ, քանի որ վերջինս իր մեքենան կայանել էր այն տարածքում, որը պահպանում են բնակիչները: «Այսքան ժամանակ ոչ մի մեքենա չի մտել այստեղ, մեր մեքենաներն են հեռու կանգնեցնում, Լիդիանի մեքենան էլ չի մտել այստեղ, Դուք եկել, ասում եք՝ իմ սեփականությունն է»,- ասաց բնակիչներից մեկը:

Բնակիչները պահանջում են, որ ծառայողները հեռանան, տարածքը իրենցն է:

11:36

Պայմանավորված ժամը մոտենում է, պիտի դուրս գան: Այս մասին այսօր իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց «Դեմ եմ Ամուլսարում հանքաարդյունաբերությանը» նախաձեռնության հեղինակ, Ջերմուկ քաղաքի բնակիչ, բնապահպան Շիրակ Բունիաթյանը՝ ներկայացնելով Ամուլսարի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները:

Հիշեցնենք, որ երեկ Շիրակ Բունիաթյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ պարզ դարձավ, որ վաղ առավոտից ինչ-որ մեքենաներ են մուտք գործել Ջերմուկ: Բունիաթյանի խոսքով՝ հավաքվել էր զորք, որը եկել է «Լիդիան Արմենիայի» հետ պայմանագիր կնքելուց հետո, այսինքն՝ «Պանտերա Սեքյուրիթի» փոխարեն տարածքն արդեն վստահվում է նոր եկած պահնորդային ծառայողներին:

Tert.am-ի հետ զրույցում Շիրակ Բունիաթյանը նշել էր, որ երեկ Ջերմուկում իրավիճակը լարվել էր նրա համար, որ մեծ թվով պահնորդային ծառայողներ են եկել, որը բնակիչներին անհանգստացրել է, սակայն ավելի ուշ Ամուլսարի պահապանները և պահնորդային ծառայողները պայմանավորվածության են եկել, որ հաջորդ օրը պետք է ծառայողների մեծ մասը հետ վերադառնան և մնամ այնքան ծառայող, ինչքան միշտ է եղել:

Բունիաթյանն այսօր իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց, որ բնակիչները չեն վստահում նոր ծառայողներին, այդ պատճառով եկել են անձամբ ճանապարհ դնելու, որպեսզի պայմանավորվածության դրժումներ չլինեն:

Ջերմուկ եկած հասարակական կարգի անվտանգության հանցագործության դեմ պայքարի ծառայողներից մեկը նշեց, որ ինչպես պայմանավորվել են, այնպես էլ կանեն և ոչ մի պայամանավորվածության խախտում տեղի չի ունենա:

Ծառայողները կարգադրություն ստացան, որ մինչև օրվա վերջ պետք է տարածքում մնան միայն նրանք, ովքեր հերթափոխի են, մնացածը պետք է հեռանալու են: