Նյու Յորքի առաջին ատյանի դատարանը ժամանակավորապես արգելել է Թրամփի եղբոր դստեր՝ իրենց ընտանիքի մասին պատմող սկանդալային գրքի հրատարակումը

10:46 • 01.07.20

Նյու Յորքի առաջին ատյանի դատարանի դատավորը ժամանակավորապես արգելել է նախագահ Դոնալդ Թրամփի եղբոր դստեր՝ Մերի Թրամփի՝ Թրամփ ընտանիքի մասին պատմող գրքի հրատարակումը, գրում է BBC-ն։

Մերի Թրամփի «Չափից շատ և երբեք բավարար չէ։ Ինչպես է իմ ընտանիքը ստեղծել աշխարհի ամենավտանգավոր մարդուն» գիրքը նախատեսված էր հրատարակել հուլիսի 28-ին: Սակայն երեքշաբթի Նյու Յորքի դատավորը դատական հրաման է արձակել, որի համաձայն արգելվել է գրքի հրատարակումը։

Մերի Թրամփի փաստաբանները հայտնել են, որ «անհապաղ կբողոքարկեն» այդ որոշումը։

«Առաջին ատյանի դատարանի արգելքը միայն ժամանակավոր է»,- ասել է նրա փաստաբան Թեդ Բուտրուսը՝ հավելելով, որ այդ որոշմամբ խախտվում է Սահմանադրության առաջին փոփոխությամբ սահմանված «քաղաքական ելույթի իրավունքը»։

«Այս գիրքը, որտեղ քննարկվում են հանրային մեծ մտահոգություն և գործող նախագահին վերաբերող կարևորություն ներկայացնող հարցեր, չպետք է ճնշվի նույնիսկ մեկ օրով»,- շարունակել է նա:

Գործի լսումը նշանակված է հուլիսի 10-ին։

Նշվում է, որ գիրքը նույնիսկ լույս տեսնելուց առաջ արդեն չորրորդ տեղն է զբաղեցնում Amazon-ի բեսթսելերների ցուցակում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դոնալդ Թրամփի եղբոր դուստրը պատրաստվում է Simon & Schuster հրատարակչական ընկերության հետ համագործակցության շրջանակում ամռանը հրատարակել Too Much And Never Enough: How My Family Created the World’s Most Dangerous Man («Չափից շատ և երբեք բավարար չէ։ Ինչպես է իմ ընտանիքը ստեղծել աշխարհի ամենավտանգավոր մարդուն») վերնագրով գիրքը։

Հրատարակչությունը գիրքը նկարագրել է որպես «Դոնալդ Թրամփի անկեղծ, ազդեցիկ դիմանկար»՝ ընդգծելով, որ Մերի Թրամփը «լույս է սփռում իրենց ընտանիքի մութ պատմությունների վրա, բացատրում է, թե ինչպես է իր հորեղբայրը դարձել այն մարդը, որն այժմ սպառնում է աշխարհի առողջապահությանը, տնտեսական անվտանգությանն ու սոցիալական կառուցվածքին»։

Գրքի հրատարակման կապակցությամբ Թրամփը հայտարարել էր, որ իր եղբոր դուստրը՝ Մերին, իր մասին գիրք գրելու իրավունք չունի, քանի որ դա հակասում է համաձայնագրին, որը վերջինս ստորագրել է 2001 թվականին և որով պարտավորվել է երբևէ չխոսել իր հետ հարաբերությունների մասին։

Մերի Թրամփը Թրամփի հանգուցյալ եղբայր Ֆրեդ Թրամփ կրտսերի դուստրն է։