Ամուլսարի հարցում անպատասխան հարցեր շատ կան, բայց հանգուցալուծումն այլևս չի կարելի հետաձգել․ Վահագն Վարագյան
Կենսաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Ամուլսարի հարցին։
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Վերջին օրերին Ամուլսարի շահագործման շուրջ ծավալվող իրադարձությունները կրկին ակտիվացել են։ Այսօր ոստիկանությունը նույնիսկ փորձ կատարեց ուժի կիրառմամբ հեռացնել հանքի շահագործման դեմ արդեն երկար ժամանակ բողոքող քաղաքացիներին։
Պետք է փաստենք, որ ՀՀ իշխանություններին չհաջողվեց վերջնական պատասխան ստանալ մի շարք կարևոր հարցերի և որ գլխավորն է՝ այդ պատասխանները տալ հասարակությանը։ Առաջին և ամենակարևոր հարցը. արդյո՞ք Ամուլսարի շահագործումը անդառնալի կորուստներ կպատճառի Հայաստանի բնությանը, մասնավորապես՝ տարածաշրջանի առողջարաններին և ջրային ռեսուրսներին։
Այս պատասխանը ստանալու համար կառավարությունը՝ հարկատուների միջոցներից, ծախսեց 450 հազար ԱՄՆ դոլլար՝ պատվիրելով փորձագիտական հետազոտություն։ Սակայն այս հետազոտության արդյունքները և ազդեցությունը հարցի լուծման վրա տեսանելի չեն։
Երկրորդ հարցը. եթե հանքի շահագործումը մեծ վնասներ է հասցնելու բնությանը, ի՞նչ միջոցներ կա դա կանխելու կամ ռիսկերը նվազեցնելու։ Անպատասխան հարցերի շարանը կարելի է անվերջ շարունակել։ Բայց ամենակարևորը այն է, որ հարցի հանգուցալուծումը այլևս չի կարելի հետաձգել։
Հերիք եղավ, բոլ եղավ»:










