«Պետք է փոխել ոչ թե Սահմանադրությունը, այլ իշխանությունը». Թբիլիսիում բողոքի ակցիա է տեղի ունեցել ընդդեմ Ռուսաստանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի (լուսանկարներ)
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում գտնվող Շվեյցարիայի դեսպանատան դիմաց (Շվեյցարիայի դեսպանատունը ներկայացնում է նաև Ռուսաստանի շահերը Վրաստանում) բողոքի ակցիա է տեղի ունեցել ընդդեմ Ռուսաստանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի, որի հաստատման դեպքում Վլադիմիր Պուտինը հնարավորություն կունենա ՌԴ նախագահ մնալ մինչև 2036 թվականը: Այս մասին գրում է netgazeti.ge կայքը:
Ակցիայի մասնակիցների թվում են եղել նաև Վրաստանում ապրող ռուսներ և Ռուսաստանի քաղաքացիներ, որոնք պարզել են «Պետք է փոխել ոչ թե Սահմանադրությունը, այլ իշխանությունը», «Ո՛չ ընդմիշտ Պուտինին» և այլ գրությամբ պաստառներ:
Վրացական լրատվական պորտալը զրուցել է ակցիայի մասնակիցներից մի քանիսի հետ: Ներկայում Վրաստանում ապրող ռուս լրագրող, ակցիայի մասնակից Եգոր Կուրոպտևը հայտարարել է, որ «Պուտինը հանդիսանում է Վրաստանի և Ուկրաինայի դեմ պատերազմի մարմնավորումը, և ցանկացած ադեկվատ ընդդիմություն դեմ է, որ նա իշխանության մնա անգամ մեկ օր»:
«Այսօր, այսպես կոչված, սահմանադրական փոփոխությունների քվեարկության վերջին օրն է: Դա թույլ կտա Պուտինին իշխանության մնալ ևս 16 տարի: Բնականաբար, բոլոր նորմալ և ադեկվատ մարդիկ դեմ են, որ Պուտինն իշխանության մնա անգամ մեկ օր: Անձամբ ինձ համար Պուտինը պատերազմների մարմնավորում է, Վրաստանի և Ուկրաինայի դեմ պատերազմների... Ցավոք, մեր երկիրը գտնվում է քաղաքական մեկուսացման մեջ, բայց ինչն ավելի կարևոր է, այն դարձել է Վրաստանի և Ուկրաինայի օկուպացիայի պատճառ: Այս հանրաքվեն կրկես է, որով նա ուզում է ցույց տալ, թե իբր մեծ աջակցություն ունի»,-ասել է Կուրոպտևը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ռուսաստանում այսօր` հուլիսի 1-ին, ավարտվում է սահմանադրական փոփոխությունների՝ այդ թվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահական ժամկետների «զրոյացման» վերաբերյալ քվեարկությունը:

















