Վրաստանում բացվել է խիստ կարանտինի մեջ գտնվող վերջին գոտին

19:33 • 01.07.20

Վրաստանի իշխանությունները որոշում են կայացրել չեղարկել Բոլնիսի շրջանի Մուշևանի գյուղում (Քվեմո Քարթլիի մարզ) սահմանված խիստ կարանտինային ռեժիմը, որն ընդունվել էր կորոնավիրուսի համաճարակի բռնկման վտանգից ելնելով:

«Քվեմո Քարթլիի շրջանում 67-օրյա խիստ կարանտինային ռեժիմից հետո բացվել է Մուշևանի գյուղը՝ վերջին փակ գոտին: Այսօրվանից սկսած տեղի բնակիչները կարող են ազատ տեղաշարժվել Վրաստանի մնացած տարածքով»,- վրաց իշխանությունների որոշումը մեջբերում է ТАСС գործակալությունը:

Մուշևանին Բոլինսի շրջանի, ինչպես նաև հարևան Մառնեուլի շրջանի հետ միասին խիստ կարանտինային գոտի էր հայտարարվել մարտի 23-ից: Մառնեուլի շրջանը բացվել է մայիսի 18-ին, ավելի ուշ՝ Բոլինսի մունիցիպալիտետը, սակայն Մուշևանի գյուղը նախկինի պես փակ էր մնում:   

Վերջին տվյալների համաձայն՝ Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 931 դեպք, 795 մարդ ապաքինվել է, 15-ը՝ մահացել: