Յուրաքանչյուրը պետք է հարց տա իրեն՝ այսօր ինչ է արել՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար. հունիսին նախորդ տարվա համեմատ գրանցվել է մոտ 30 %-ով ավելի մահացություն. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

18:01 • 01.07.20

Մեզ դեռևս չի հաջողվում լուծել կորոնավիրուսի համաճարակի համատեքստում մեր հիմնական ռազնավարական խնդիրը, այն է՝ սովորել ապրել կորոնավիրուսին զուգահեռ: Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, թե դա նշանակում է, որ յուրաքանչյուրը պետք է փորձի իր կյանքը վարել այնպես, որ չվարակվի ու չվարակի ուրիշներին:

«Այսօրվա, երեկվա վիճակագրության բերումով մենք առաջիկայում անխուսափելիորեն ունենալու ենք 10 մահ»,-նշեց նա:

Վարչապետի խոսքով՝ կորոնավիրուսով վարակակիրների մեծ մասն առողջանում է, մեծ մասն այն տանում է առանց որևէ ախտանշանի, բայց յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ ինքն այդ վիճակագրությունը լրացնելով՝ ինչ-որ մեկին դատապարտում է մահվան: «Մեզնից յուրաքանչյուրը կարող է մահվան վիճակագրույթւոնը նվազեցնել՝ չվարակվելով և ուրիշներին չվարակելով»,-նշեց նա:

Վարչապետը հայտնեց, թե այս պահին կա 10 900 ակտիվ հիվանդ, որոնցից 2106-ը գտնվում են հիվանդանոցային պայմաններում, նրանից 536-ի վիճակը ծանր է, 117-ի վիճակը՝ առանձնապես ծանր, 1730-ի մոտ արձանագրվել է թոքաբորբ, մահվան ընդհանուր դեպքերը 453-ն են:

Փաշինյանը հիշեցրեց՝ 2020-ի առաջին 5 ամիսների մահերի ընդհանուր վիճակագրույթունը ընդհանուր առմամբ բարվոք էր: «Ցավոք, պետք է արձանագրենք, որ այս վիճակագրությունն արդեն իսկ փոխվել է, և հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ ունեցել ենք մոտավորապես 30 տոկոսով ավելի շատ մահացություն»,-ասաց նա՝ նշելով, թե սա ամբողջապես կորոնավիրուսի հետ կապված չէ, բայց այն էականորեն նպաստում է:

«Մեր ռազմավարությունը հետևյալն է՝ շարունակում ենք հիմնական շեշտը դնել մեզնից յուրաքանչյուրի անհատական վարքագծի փոփոխության վրա, որովհետև դա է այն ճանապարհը, որով մենք կորոնավիրուսի համաճարակը կհաղթահարենք նվազագույն տնտեսական կորուստներով»,-ասաց նա՝ նշելով, թե դրանից բացի՝ ձեռնարկվում են վարչական միջոցներ:

Նա նշեց, թե հասարակական տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակը կտրուկ անկում է ապրել, և 431 վարչական արձանագրության դեպք արձանագրվել է հասարակական տրանսպորտում:

«Ուզում եմ արձանագրել, որ այսօրվա մեր վիճակն ակնհայտ է դարձնում, որ կորոնավիրուսի դեմ պայքարը մեզնից յուրաքանչյուրի համար պետք է լինի առաջնահերթություն, և ամեն օր մեզնից յուրաքանչյուրը պետք է հարց տա իրեն, թե ինքն այսօր ինչ է արել կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու համար»,-նշեց նա՝ ընդգծեկով, թե 3 հիմնական կանոնների պահմանումը բոլորի համար պետք է պարտադիր լինի:

Մանրամասները՝ տեսանյութում։