Անհայտ բաժանորդից ռուսերեն լեզվով նամակ է եկել, որ Երևան մոլում տեղադրված է 3 ռումբ, որոնք կգործարկվեն այսօր. գլխավոր տնօրեն (տեսանյութ)
Նամակ է եկել ռուսերեն լեզվով անհայտ բաժանորդից այն մասին, որ տեղադրված է երեք ռումբ, որը կգործարկվի այսօրվա ընթացքում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևան մոլի գլխավոր տնօրեն Վազրիկ Սեկոյանը:
«Այսօր ընդհանուր մեյլի վրա ստացվել էր հաղորդագրություն, որ տեղադրված էր ռումբեր և վտանգ կա, որ տեղի կունենա պայթյուն: Արդյունքում հայտնեցինք համապատասխան մարմիններին և հիմա զննություն է կատարվում»,-ասաց նա և նշեց, որ հաղորդագրությունը ստացել են կեսօրին և աշխատակիցն այն տեսնելուն պես հայտնել է անվտանգության ծառայությանը և ոստիկանությանը:
Գլխավոր տնօրենը նշեց, որ նամակի մեջ խոսքը գնացել է երեք ռումբի մասին: Հարցին, թե զննությամբ որևէ բան գտե՞լ են, Վազրիկ Սեկոյանն ասաց՝ այս պահին՝ ոչ: «Չեմ կարծում, որ որևէ բան կգտնեն, քանի որ ամեն առավոտ և ամեն երեկո մեր ծառայություններն ուսումնասիրում են, եթե կասկածելի առարկաներ տեսնեին, մենք դա կիմանայինք»,-ասաց նա և նշեց, որ մեծ հույս ունի, որ ահազանգը կեղծ է:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 14։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Երևան մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի Ֆուդկորտում ռումբ է տեղադրված։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։










