«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագիծն այս տեսքով ընդունելը բացասական ազդեցություն է ունենալու ոլորտի վրա, դա անընդունելի է. Բորիս Նավասարդյան
Տեսալսողական մեդիայի մասին օրենքի նախագիծն այս տեսքով ընդունելը բացասական ազդեցություն է ունենալու ոլորտի վրա, ինչն իհարկե անընդունելի է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Տեսալսողական մեդիայի մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքներում փոփոխություն կատարելու մասին նախագծին:
Հիշեցնենք, որ օրենքի նախագծով առաջարկվում է նոր լիազորություններով օժտել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին, որի հետևանքով կստեղծվի նոր մրցակցային միջավայր, ու աստիճանաբար տարբեր փոփոխություններ կկատարվեն: Ըստ նախագծի՝ 2020թ. հուլիսի 20-ին պետք է հայտարարվեն հանրային մուլտիպլեքսի, այսինքն՝ հեռարձակման ցանցում ազատ թվային տիրույթների մրցույթները:
Բորիս Նավասարդյանը նշեց, որ առաջին հիմնական խնդիրը, որ այդ նախագծում տեսնում է, հանրային մուլտիպլեքսի մենաշնորհի պահպանումն է և շատ քիչ հավանականություն կա, որ այդ կարգավորմամբ մասնավոր մուլտիպլեքսներ էլ կձևավորվեն: «Երկրորդ խնդիրը վերգետյա հեռարձակման համար մրցույթների պահպանումն է, որն այսօրվա տեխնոլոգիաների զարգացման պայմաններում նոնսենս է»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է խոսքի ազատությանը, ապա Երևանի մամուլի ակումբի նախագահը նշեց, որ գոնե այն տարբերակում, որն առաջին ընթերցմամբ ընդունվել է, բավականին շատ և ոչ հիմնավորված սահմանափակումներ են նախատեսված բովանդակությանը վերաբերող, որոնք չափազանց խիստ են և նույնիսկ կարգավորման առումով իրատեսական չեն: «Ապահովելը, որպեսզի բոլոր հեռուստաընկերությունները ներառված լինեն հանրային մուլտիպլեքսում և բովանդակային պահանջներին համապատասխանելիության վերահսկումը իրականանալի չէ: Այդ սահմանափակումներն արդյունավետ իրացնել հնարավոր չէ»,-ասաց նա և չբացառեց, որ մինչև երկրորդ ընթերցում բավականին փոփոխություններ կլինեն նախագծում:
«Եթե փորձեն մինչև վերջ իրականացնել այդ սահմանափակումները, որոնք կան օրինագծի այսօրվա տարբերակում, ապա դա բերելու է ոչ օբյեկտիվ վերաբերմունքի տարբեր հեռուստաալիքների նկատմամբ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է հեղինակների պնդմանը, որ իրենց նպատակը հեռուստատեսային արտադրանքի որակը բարձրացնելն է, Բորիս Նավասարդյանը նշեց, որ այդ նպատակն այս ձևով հնարավոր չէ իրականացնել: «Ես այստեղ տեսնում եմ սուբյեկտիվ, ոչ հետևողական և ոչ կոմպետենտ վերաբերմունք օրենսդրական աշխատանքի նկատմամբ»,-ասաց նա:
Բորիս Նավասարդյանը նշեց, որ ենթադրվում է, որ հանրային մուլտիպլեքսում ներառված կլինեն ամենաքիչը 27 հեռարձարկողներ և բոլորին այդ խստությամբ վերահսկել, ինչպես նախատեսված է առկա տարբերակում, հնարավոր չէ, և ուրեմն արդյունավետ չի աշխատելու օրենքը:
Ինչ վերաբերում է «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններին, ապա նա ասաց, որ դրանք տեխնիկական նշանակություն ունեն:










