ԱՄՆ-ն կորոնավիրուսի բուժմանը նպաստող «Ռեմդեսիվիր» դեղամիջոցի ավելի քան 500 000 չափաբաժին է գնել՝ եվրոպական և այլ երկրներին գրեթե զրկելով դրա հասանելիության հնարավորությունից. Daily Mail
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել են կորոնավիրուսի բուժմանը նպաստող «Ռեմդեսիվիր» դեղամիջոցի համաշխարհային գրեթե ամբողջ պաշարներն ԱՄՆ ներկրելու և այդպիսով համավարակի դեմ համաշխարհային պայքարի վրա վատ ազդեցություն ունենալու համար, գրում է Daily Mail պարբերականը։
Քննադատները նշել են, որ նման քայլով Թրամփը ստիպել է ամբողջ աշխարհին մեծ մրցակցության մեջ մտնել այդ դեղորայքի ձեռքբերման համար։
Նախորդ գիշեր հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ն «Ռեմդեսիվիր» դեղամիջոցի ավելի քան 500 000 չափաբաժին է գնել, որը կազմել է հուլիսի համար եղած համաշխարհային ամբողջ պաշարը և օգոստոս ու սեպտեմբեր ամիսների համար անհրաժեշտ քանակության 90 տոկոսը։
Սա նշանակում է, որ հավանականությունը, որ Եվրոպայում հիվանդները մինչև աշուն այս դեղորայքին հասանելիություն կունենան, չնչին է։ Նշվում է, որ երկրի առողջապահության բաժանմունքի ղեկավարները դեռ չեն մեկնաբանել այս քայլը:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, հակավիրուսային «Ռեմդեսիվիր» դեղամիջոցն արդյունավետություն է ցույց տվել կորոնավիրուսով հիվանդների բուժման ընթացքում: Նման եզրակացության են եկել ԱՄՆ Ալերգիայի և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի գիտնականները։
Մասնագետները գիտափորձ են կատարել կորոնավիրուսով վարակված ավելի քան 1000 մարդկանց մասնակցությամբ: Կամավորների խմբերից մեկին պլացեբո են տվել, մյուսին 10 օրվա ընթացքում ներարկել են «Ռեմդեսիվիր» դեղամիջոցը:
Առաջին դեպքում նկատվել են 12 տոկոս մահվան ելքով դեպքեր, մինչդեռ երկրորդի պարագայում՝ 7 տոկոս: Ինչպես ուսումնասիրությունը ցույց է տվել, «Ռեմդեսիվիրը» նաև կրճատել է «Քովիդ-19»-ով հիվանդների ապաքինման ժամանակահատվածը՝ միջինում հասցնելով 4 օրվա:
Գիտնականները նշում են, որ իրենց աշխատանքը նախնական բնույթ է կրել և միանշանակ արդյունքներ ստանալու համար հավելյալ ուսումնասիրություններ են անհրաժեշտ:










