ՌԴ Հանրային պալատը սահմանադրական փոփոխությունների հարցով քվեարկության վերաբերյալ ավելի քան 8400 ոչ հավաստի հաղորդագրություն է գրանցել

17:04 • 01.07.20

ՌԴ Հանրային պալատում սահմանադրական փոփոխությունների հարցով քվեարկության վերաբերյալ ավելի քան 8400 ոչ հավաստի հաղորդագրություն են գրանցել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով Հանրային պալատի անդամ, Համացանցային անվտանգության լիգայի ղեկավար Եկատերինա Միզուլինային։

«Խոսքը քվեարկությանը վերաբերող մոտ 8407 ոչ հավաստի հաղորդագրության մասին է»,- նշել է Միզուլինան և հավելել, որ հունիսի 25-ից ի վեր «ֆեյքերի» զգալի աճ է գրանցվել։ Հանրային պալատի անդամի կարծիքով՝ սոցկայքերում ակտիվորեն կեղծիքի տարածմանը նպաստող «առանձին մի քանի խումբ» է գործում։

Որպես օրինակ տեսահաղորդագրություններ են ներկայացվել, որոնցում ոչ պատշաճ կերպով քվեարկության համար տուփեր, աղբ նետված «քվեաթերթիկներ», առանց կնիքի որոշ թղթեր և նմանատիպ այլ երևույթներ են պատկերված։

Հիշեցնենք, որ սահմանադրական բարեփոխումների հարցով համառուսաստանյան քվեարկությունն ապրիլի 22-ին էր նշանակված, սակայն այն համաճարակային ծանր վիճակի հետևանքով հետաձգվել էր։

Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ քվեարկությունն անցկացվելու է հունիսի 25-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում։ Սահմանադրական փոփոխությունները քվեարկության են դրվել փաթեթային տարբերակով: Փոփոխությունները հաստատելու համար հարկավոր է, որ դրանց հավանություն տա քվեարկողների 50%-ից ավելին:

Երկրի պատմության մեջ առաջին անգամ քվեարկությունն ընթանում էր մեկ շաբաթվա ընթացքում, հուլիսի 1-ը քվեարկության վերջին և հիմնական օրն է: Սպասվում է, որ Մոսկվայի ժամանակով ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով՝ 22:00-ին) վերջին ընտրատեղամասերի փակվելուց հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհայտարարի առաջին արդյունքները: