ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 130 000 մարդ, վարակվել՝ ավելի քան 2.7 մլն-ը

19:49 • 01.07.20

Միացյալ Նահանգներում «Քովիդ-19» կորոնավիրուսի հետևանքով հուլիսի մեկի դրությամբ մահացել է 130 134 մարդ: Այս մասին վկայում են worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալները:

ԱՄՆ-ում, որը ողջ աշխարհում առաջատարն է ինչպես հիվանդությունից մահացության, այնպես էլ վարակման դեպքերի ցուցանիշով, համաճարակի բռնկման պահից ի վեր արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 730 896 դեպք, որոնցից ներկա պահին ակտիվ են մոտ մեկուկես միլիոնը:

Ավելի քան 331 մլն բնակչություն ունեցող երկրում վիրուսի հատնաբերման նպատակով մինչ օրս իրականացվել է ավելի քան 34.2 մլն թեստավորում:

CNN-ի տվյալներով՝ ԱՄՆ-ի ամենաշատ բնակեցված նահանգում՝ Կալիֆոռնիայում, շարունակվում է վարակման ռեկորդային ցուցանիշների գրանցումը: Ներկա պահին այն երկրորդն է վարակման ավելի քան 222 000 դեպքերով, որի մոտ կեսը բաժին է ընկնում Լոս Անջելեսին: Նահանգում, ընդհանուր առմամբ, մահացել է 6089 մարդ:

Վարակման և մահացության ցուցանիշով առաջատար նահանգը Նյու Յորքն է, որտեղ վիրուսով վարակվել է ավելի քան 393 000 մարդ, մահացել՝ ավելի քան 32 000-ը: Մահացության ցուցանիշով երկրորդը Նյու Ջերսին է, որտեղ այդ տվյալը գերազանցել է 15 000-ը, իսկ վարակման տվյալնը՝ 171 000-ը: Հաջորդ ամենաշատ տուժած նահանգներն են Տեխասը (163 060, 2455) և Ֆլորիդան (152 432, 3505):