Աշխարհում միլիարդատերերի թիվը ռեկորդային աճ է գրանցել. Wealth-X

12:28 • 01.07.20

2019 թվականին աշխարհում միլիարդատերերի թիվը և նրանց ընդհանուր կարողությունը ռեկորդային աճ է գրանցել: Այս մասին տեղեկացնում է rbc.ru կայքը` հղում տալով Wealth-X ընկերության զեկույցին:

Համաձայն ուսումնասիրության՝ 2019 թվականին աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է 2825-ի, ինչը 221-ով կամ 8,5%-ով ավելի է, քան դրանից մեկ տարի առաջ: Մեկ տարվա ընթացքում նրանց ընդհանուր կարողությունն ավելացել է 10,3%-ով և կազմում է 9,4 տրիլիոն դոլար:

Ընկերության ներկայացրած տվյալների համաձայն՝ միլիարդատերերի թվով երկրներից առաջին տեղում ԱՄՆ-ն է` 788 միլիարդատեր, որին հետևում է Չինաստանը` 342 միլիարդատեր, 3-րդ տեղում Գերմանիան է, այստեղ ապրում է 153 միլիարդատեր, 114 միլիարդատեր ապրում է Ռուսաստանում, իսկ 5-րդ հորիզոնականը կիսում են Շվեյցարիան և Մեծ Բրիտանիան, այս երկրներից յուրաքանչյուրում ապրում է 100 միլիարդատեր:

Երկրների և տարածքների ցուցակում, որտեղ ապրում են ամենաշատ թվով դոլարային միլիարդատերերը, ներառվել են նաև Հոնկոնգը, Հնդկաստանը, Սաուդյան Արաբիան, Ֆրանսիան, Իտալիան, Բրազիլիան, ԱՄԷ-ն, Կանադան և Սինգապուրը: Փորձագետները նշել են, որ այս 15 երկրներում ապրում է աշխարհի միլիարդատերերի ավելի քան երեք քառորդը:

Քաղաքներից ամենաշատ միլիարդատերերն ապրում են Նյու Յորքում` 113 մարդ, 2-րդ տեղում է Հոնկոնգը` 96 միլիարդատեր, 3-րդը Սան Ֆրանցիսկոն է` 77 միլիարդատեր: