Ձեր մաղձն ու ատելությունը ձեզ հարազատ վայրերում դրսևորեք. Վահան Արծրունին՝ իր էջում վիրավորանքներ գրող օգտատերերին
Խնդրում եմ ձեր մաղձն ու ատելությունը ձեզ հարազատ վայրերում դրսևորեք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, երաժիշտ Վահան Արծրունին է գրել՝ արձագանքելով իր էջում տեղ գտնող տարատեսակ հրապարակումներին:
«Հարգելի` ինձ, բնիկներիս և մտավորականներիս չսիրող քաղաքացիներ, ի՞նչ եք հատկապես իմ էջում կորցրել։ Դուք լիքը հարթակներ ունեք ձեր համախոհների հետ ձեր էթնիկական, բարոյահոգեբանական և դասակարգային հայացքները կիսելու և կիսվելու համար։
Ձեր ներկայությունն այստեղ ֆիգուրատիվ է, քանի որ սա իմ անձնական էջն է, որը ստեղծված է հիմնականում բարեկամներիս հետ շփվելու համար։ Այն բաց է, դուք կարող եք ընթերցել նյութերը, բայց ամեն անգամ մի բան կամ հիմարություն գրելն այստեղ պարտադիր չէ։
Խնդրում եմ ձեր մաղձն ու ատելությունը ձեզ հարազատ վայրերում դրսևորեք։ Այլապես ստիպված կլինեմ անտեսանելի դառնալ ձեզ համար։ Հավատացնում եմ՝ շատ բան չեմ կորցնի»։
Հիշեցնենք, որ հունիսի 27-ից սոցցանցերում արշավ էր սկսվել՝ ընդդեմ գույքահարկի բարձրացման օրենքի։ Հասարակական-քաղաքական գործիչները «Ես բնիկ եմ և սա իմ քաղաքն է» գրությամբ ակցիա էին սկսել՝ բողոքելով գույքահարկի բարձրացման դեմ։ Արշավին միացել էր նաև Վահան Արծրունին:










