Կորոնավիրուսով վարակված 11 հոգի տանն է սպասում հոսպիտալացման․ հիվանդանոցներում կա 650 ծայրահեղ ծանր ու ծանր վիճակում գտնվող հիվանդ, արհեստական օդափոխության սարքերին միացված են 44-ը

11:26 • 02.07.20

Կառավարության այսօրվա նիստին մինչև օրակարգին անցնելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ներկայացնել կորոնավիրուսի իրավիճակը:

Արսեն Թորոսյանն ասաց, որ Հայաստանում կորոնավիրուսի առումով էական փոփոխություններ չկան, հաստատվել է կորոնավիրուսի 593 նոր դեպ: «Դժբախտաբար, եղել է վեց մահ կորոնավիրուսից ու չորս հոգի մահացել է ոչ կորոնավիրուսից»,-ասաց նա և նշեց, որ առողջապահական համակարգի զբաղվածության առումով իրավիճակը մնում է մոտավորապես նույնը, վերակենդանացման բաժանմունքները լիքն են:

«Կան մի երկու-երեք տեղ, դրանց հաշվին կարողանում ենք ծանր ու ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներին տեղավորել: Ծայրահեղ ծանր ու ծանր վիճակում գտնվողների թիվը կազմում է մոտ 650 հոգի, արհեստական օդափոխության սարքերին միացված է 44 հոգի»,-ասաց նա և տեղեկացրեց, որ տանը առավոտյան 09:00-ի դրությամբ հոսպիտալացման սպասում է 11 հոգի, որից չորսը միջին ծանրության է, իսկ յոթը՝ թեթև:

Նախարարն ասաց, որ 80 հոգի սպասում է տեղափոխման այնպիսի հիվանդանոցներ, որոնք սպասում են կորոնավիրուսային հիվանդների։