Կորոնավիրուսի հետևանքով կորցրել եմ աշխատանքս. ես և երեք երեխաներս առողջական խնդիրներ ունենք, այս իրավիճակում միայն պարտքեր ենք կուտակել. քաղաքացին՝ համավարակի ընթացքում կրած վնասների մասին
Կորոնավիրուսի հետևանքով կորցրել եմ աշխատանքնս: Մարտի 13-ից չեմ աշխատում, վարձով եմ բնակվում երեք երեխաներիս հետ, արդեն 160 հազար դրամ չեմ վճարել, տան տիրուհին համբերատար սպասում է, բայց ընթացքում այլ պարտքեր են կուտակվում, որոնք փակելու համար ոչ մի տարբերակ չունեմ: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում պատմեց Ջրվեժի բնակիչ Թերեզա Պողոսյանը՝ ներկայացնելով կորոնավիրուսի տարածման ընթացքում իր և ընտանիքի կրած վնասները:
Բնակիչը նշեց, որ աշխատել է ռեստորաններում, սպասք է լվացրել ու հասցրել է ընտանիքի կարիքներն ինքնուրույն հոգալ: Նա ներկայացրեց, որ ամուսնալուծված է, ալիմենտ, փարոս կամ այլ եկամուտ չունի:
«Երբ կարանտինը սկսվեց, աշխատանքից դուրս եկա իմ սեփական դիմումի համաձայն, որպեսզի կարողանայի գոնե երեք երեխաներիս համար նպաստ ձևակերպել, բայց չստացվեց: Կառավարության մեկ ծրագրից օգտվեցի, երեք երեխաներիս համար ստացել եմ 34․157 դրամ»:
Թերեզա Պողոսյանը ներկայացրեց նաև, որ Կառավարության առակցության ծրագրերից նաև 20-րդի համար է դիմել, հաստատվել է մոտ 68 հազար դրամ, սակայն մինչև հիմա այդ գումարը չի ստացել, բայց ստանալու դեպքում էլ չգիտի, թե ինչպես այն ճիշտ օգտագործի, քանի որ տան վարձին նաև ավելացել են կոմունալ վճարները, խանութի պարտքերը: Նա նշեց նաև, որ թաղապետարանից սննդի տեսքով օգնություն է ստացել, որը սակայն այս պայմաններում չի բավարարել:
«Ինձ ընդամենը պետք է այս իրավիճակից դուրս գալ, որ հետո կարողանամ այլ աշխատանք գտնել: Ես երկու ուռուցք ունեմ, մեկը բարորակ, մյուսը՝ չարորակ, բայց անգամ այս կարգավիճակը թույլ չի տալիս օգտվել նպաստից կամ թոշակից, մեծ աղջիկս էլ նեվրոզ ունի, փոքր երեխաս այլ խնդիրներ ունի: Առողջական խնդիր միայն միջնեկ տղաս չունի, այս տարի դպրոց էր գնալու, բայց չկարողացանք մոտ դպրոցում գրանցել, ասացին՝ պետք է օնլայն հայտ ներկայացնեի, ուշացրել եմ, որովհետև հնարավորություն չեմ ունեցել դա անելու»,- պատմեց նա:










