Կարող են լինել երկրներ, որոնք կորոնավիրուսի մեծաքանակ արտադրված և նույնիսկ դեռ չարտադրված պատվաստանյութ գնեն ու մյուսներին այն հասնի շատ ուշ, օրինակ՝ 2021թ. սկզբին կամ վերջում. նախարար

11:56 • 02.07.20

Այսօր Կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հնարավորության մասին:

Արսեն Թորոսյանը նշեց, որ աշխարհում արդեն հարյուրից ավելի թեկնածու պատվաստանյութեր կան, որոնք հավակնում են դառնալ վերջնական արդյունք, որից 20 ավելի հավանական է, որ լինի: «Նախնական առաջին ու երկրորդ փուլի հետազոտությունները ցույց են տալիս, որ, ամենայն հավանականությամբ, լինելու են պատվաստանյութեր ու լինելու են մի քանիսը»,-ասաց նա:

Թորոսյանը նշեց, որ Հայաստանը հիմա բանակցություններ է վարում երկու ուղղությունենրով: «Առաջինն ուղիղ արտադրողներեն, ես ինքս անձամբ եմ բանակցությունները վարում, Նուբար Աֆեյանի հետ փոխկապակցված ընկերությունն է, ինչպես նաև բանակցում ենք ԱՀԿ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ու ԳԱՎԻ-ի հետ, որոնք փորձելու են հավաքական գնումներ իրականացնել»,-ասաց նախարարը:

Խոսելով վտանգներից՝ նա ասաց, որ ամենամեծ վտանգն այն է, որ կարող են լինել երկրներ, որոնք միանգամից մեծ քանակի արտադրված ու նույնիսկ դեռ չարտադրված պատվաստանյութ գնեն ու մյուս երկրներին այն հասնի շատ ուշ, օրինակ՝ 2021 թվականի սկզբում կամ վերջում: «Շատ կարևոր է, որ բանակցությունները սկսել հենց այսօրվանից, պետք է հետ չմնանք զարգացումներից»,-ասաց Թորոսյանը:

Վարչապետը նշեց, որ նաև հաշվի առնելով այս լուրը՝ ավելի պետք է խստացնել հակահամաճարակային կանոնների պահպանումը, կարգապահությունը, որ մարդկանց չդատապարտենք մահվան: «Մահերի թիվը, կոնկրետ կախված է վիճակագրություն: Եթե շատ կոպիտ ձևակերպենք 590 ախտորոշված երեկվա դեպքը նշանակում է, որ 11 մարդ այդ օրվա վիճակագրության բերելով մահանալու է»,-ասաց նա: