Ասֆալտների վրա մորթվող, վաճառվող, գնվող մսի կամ ընդհանրապես սննդամթերքի պատմությանը պետք է վերջ դնենք օր առաջ. վարչապետ (տեսանյութ)
Մոնիտորինգ ենք իրականացնում, թե որքանով են հասանելի ՀՀ տարածքում արդեն առկա սպանդանոցները, քարտեզագրել ենք, թե ՀՀ տարածքում ինչպես պետք է տեղակայված լինեն սպանդանոցները, որ յուրաքանչյուր բնակավայրից հեռավորությունը լինի տրամաբանական ու խելամիտ և որպես չափանիշ ընտրել էինք 30 կմ հեռավորությունը: Այս մասին կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով Ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրում կառավարության փոփոխությունները:
Նա պարզաբանեց, որ 30 կմ-ի դեպքում կենդանու տեղափոխումը կատարում են անվճար և այս պահին հանրապետությունում գործում է 23 սպանդանոց, 36-ը՝ շուտով գործի։ «Անգամ այս պարագայում կլինեն մարզային համայնքներ, որոնք բավականաչափ մոտ չեն գտնվում սպանդանոցներին: Մեր առաջարկը հետևյալն է՝ այնտեղ, որտեղ դեռևս չկան հասանելի սպանդանոցներ, մենք լիզինգի համար պահանջվող 20 տոկոս կանխավճարի 15 տոկոսը, բայց ոչ ավելի քան 4,8 մլն դրամ դրամաշնորհ ենք հատկացնում: Այս պահին պահանջվում են ևս 14 կետերում սպանդանոցներ կառուցել»,-ասաց նա և նշեց, որ լիզինգի ծրագրով կարող է իրականացվել մոդուլային և շարժական սպանդանոցների ֆինանսավորումը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանելով նշեց, որ «Մեզ մոտ համաճարակ է, առաջիկայում էլ բոլոր կանխատեսումներով համաճարակների ժամանակ լինելու են մարտահրավերներ, մենք ասֆալտների վրա մորթվող, վաճառվող, գնվող մսի կամ ընդհանրապես սննդամթերքի պատմությանը պետք է վերջ դնենք օր առաջ»,-ասաց նա:










