Ըստ Էկոնոմիկայի նախարարության՝ ևս 14 սպանդանոց է պետք պարտադիր սպանդանոցային մորթի համար. ՍԱՏՄ-ից նշում են՝ «մեզ հետաքրքիր չէ՝ քանի սպանդանոց կա և ինչ խնդիր, կարգը մտել է ուժի մեջ»

17:25 • 02.07.20

Հուլիսի 1-ից ամբողջ հանրապետությունում ուժի մեջ է մտել պարտադիր սպանդանոցային մորթի կազմակերպման կառավարության որոշումը և ՍԱՏՄ-ն՝ որպես վերահսկող մարմին, սկսելու է վերահսկողությունն այդ ոլորտում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սննդի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը։

«Մեր ամբողջ գործիքակազմով՝ և՛ մշտադիտարկումներով, և՛ ստուգումներով մտնելու ենք սպանդանոցներ, իրացման ցանց, հանրային սնունդ, որպեսզի հասկանանք՝ արդյո՞ք օգտագործվում է սպանդանոցային ծագման միս, թե ոչ։ Բոլոր տեղերում՝ և՛ իրացման ցանցում, և՛ հանրային սննդի կետերում պետք է լինի միայն սպանդանոցային ծագման միս»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ պարտադիր սպանդանոցային մորթի կազմակերպման նախապես սահմանված ժամկետը տարեսկզբին հետաձգվել էր բողոքի ակցիաների պատճառով։ Պարտադիր պայմանի կիրառումը Կառավարությունը հետաձգել էր 6 ամսով, քանի որ հանրապետությունում բավարար թվով սպանդանոցներ չկային և գործադիրը ցանկացողներին առաջարկել էր սպանդանոցներ կառուցել:

Հարցին, թե այժմ որքանո՞վ է հանրապետությունը պատրաստ պարտադիր սպանդանոցային մորթի անցնելուն, Անուշ Հարությունյանը պատասխանեց․ «Զուտ մեր՝ վերահսկողի, ոչ քաղաքականություն իրականացնողի դիրքերից եթե նայենք, մեզ հետաքրքիր չէ՝ քանի սպանդանոց կա և որտեղ ինչ խնդիր կա, մեզ հետաքրքիր է, որ կարգը մտել է ուժի մեջ հուլիսի 1-ից։ Մենք առայժմ մշտադիտարկումներով, որպեսզի հասկանանք ինչպիսին է իրավիճակը, հետո արդեն մնացած գործիքներով ստուգումներն անելու ենք, որտեղ որ չի լինի սպանդանոցային միս, տուգանքի, պատժամիջոցների խնդիր կառաջանա»։

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը Կառավարության այսօրվա նիստում հայտարարել էր, որ այս պահին շահագործվող, ծառայություն մատուցող 23 սպանդանոց կա, ինչպես նաև ներկայում կառուցման մեջ գտնվում 36 սպանդանոց, որոնք առաջիկայում շահագործման կհանձնվեն։ Այնուամենայնիվ, ՀՀ էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ շահառու համայնքներից խելամիտ՝ 30 կմ հասանելիության ապահովման համար կպահանջվեն ևս 14 կետեր։

«Պարոն Խաչատրյանի ներկայացրած տվյալները, ամենայն հավանականությամբ, միայն ծառայություն մատուցող սպանդանոցների մասին է, բայց մենք ունենք ֆերմաներ, որոնք կից սպանդանոցներ ունեն։ Այսինքն, այս պահի դրությամբ գործող սպանդանոցների թիվը՝ ֆերմաներին կիցն էլ միասին, 48-ն են։ Եվ մոտ 15-ը առաջիկա 2-3 օրերի ընթացքում իրենց ամբողջ հզորություններով կսկսեն աշխատել՝ և՛ ծառայություն մատուցողները, և՛ ֆերմաներին կից սպանդանոցները։ Այսինքն, այդպիսի խնդիր, որ սպանդանոցները չեն հերիքելու և մարդիկ մնալու են խնդիրների առաջ, չի լինելու»,- ասաց ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետը։

Անուշ Հարությունյանի տեղեկացմամբ՝ միայն Շիրակի մարզում է առկա սպանդանոցներ կառուցելու խնդիրը։ Մարզում այժմ գործում է 2 սպանդանոց, սակայն անհրաժեշտ է ևս մի քանիսը․ «Նրանք էլ այս պահին կարող են օգտվել հարակից մարզերից՝ 30-ից մի քիչ ավելի, բայց այնուամենայնիվ խնդիրը լուծելի է»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է խախտումների դեպքում տուգանքի չափին, ՍԱՏՄ տեղեկատվության բաժնի պետը նշեց, որ դա կախված կլինի մսեղիքի չափից և այլ հանգամանքներից, սակայն սննդամթերքի անվտանգության վերաբերող տուգանքների առավելագույն չափը, ըստ նրա՝ 300 հազար դրամ է։

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյան Կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց անհրաժեշտ 14 սպանդանոցների կառուցման դեպքում գործադիրի կողմից աջակցության ծրագիրը։ Ըստ ծրագրի՝ 14 համայնքներից որևէ մեկում սպանդանոց կառուցելու դեպքում Կառավարությունը լիզինգի համար պահանջվող 20 տոկոս կանխավճարի 15 տոկոսը, բայց ոչ ավելի քան 4․8 մլն դրամ դրամաշնորհ կհատկացնի։ Պահանջվող 14 սպանդանոցների քարտեզը հետևյալն է՝ Սյունիքում 3 սպանդանոց, Գեղարքունիքում՝ 1, Արարատում՝ 2, Շիրակում՝ 4, Լոռիում՝ 2, Արագածոտնում՝ 2։

«Մենք քարտեզագրել ենք, թե համայնքներում ինչպես պետք է տեղակայված լինեն սպանդանոցները, որպեսզի յուրաքանչյուր շահառու համայնքից դրա հեռավորությունը լինի տրամաբանական խելամիտ սահմաններում։ Որպես այդպիսի չափորոշիչ մենք ընտրել էինք մոտ 30 կմ հեռավորությունը։ Այս պահին շահագործվող, ծառայություն մատուցող 23 սպանդանոց կա և ներկայում կառուցման մեջ գտնվող և առաջիկայում շահագործման կհանձնվեն 36-ը։ Բացի այս ընդհանուր 59-ը, կպահանջվեն ևս 14 կետեր, որտեղ սպանդանոցների առկայությունից հետո կարող ենք ասել, որ բոլոր համայնքներից ոչ ավելի, քան 30 կմ հասանելիությամբ կան շահարագործվող ծառայություն մատուցող սպանդանոցներ»,- ասել էր Տիգրան Խաչատրյանը։