Վարչապետը կոչ է անում կրել գործարանային դիմակներ, բայց հայտնի չէ՝ արդյո՞ք Հայաստանում եղածը բավարարում է, և ինչպե՞ս տարբերել գործարանայինն ու ինքնաշենը
Այսօր Կառավարության նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ փոխվում է պաշտոնական ուղերձը և քաղաքացիներին կոչ արեց կրել գործարանային արտադրության դիմակներ:
«Հասկանալով դիմակների բարձր գները՝ մենք ասացինք, որ նրանք, ովքեր հնարավորություն ունեն, թող գործարանային արտադրության դիմակներ կրեն, իսկ ովքեր չունեն, կարող են կրել տնային պայմաններում կարված դիմակներ։ Հիմա ունենք գնանկում և ունենք պրոֆիցիտ, արդեն կարող ենք անցնել երրորդ փուլին՝ մեր բոլոր քաղաքացիներին կոչ անել՝ կրել բացառապես գործարանային արտադրության դիմակներ։ Այսօր, երբ նայում ենք շուկայում դիմակների սպառման ծավալներին, տեսնում ենք, թե երկրում ամեն օր քանի դիմակ է սպառվում, ու մեզ համար պարզ է, որ մեր քաղաքացիների մեծամասնությունը գործարանային դիմակ չի կրում, թեև մենք ասել ենք, որ գործարանային արտադրության դիմակները շատ ավելի օգտակար են»:
Tert.am-ը փորձեց ուսումնասիրել՝ արդյո՞ք գործարանային դիմակների՝ ՀՀ-ում առկա պաշարը բավարարում է պահանջարկը, և, ընդհանարապես, որքան է օրական պահանջարկը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը Tert.am-ին հայտնեց, որ Հայաստանում օրական արտադրվում է մոտ 325 հազար դիմակ: «ՀՀ-ում գործում է գործարանային դիմակ արտադրող 3 փոքր, միջին ու խոշոր ընկերություն, ամենախոշորը «Տավուշ տեքստիլն» է»,-հավելեց նա:
Մենք փորձեցինք տեղեկանալ նաև, թե որքան է կազմում ներմուծվող դիմակի ծավալը, սակայն ՊԵԿ-ից մեզ հայտնեցին, որ դիմակները ներմուծվում են ընդհանուր բժշկական սարքավորումների դասակարգչով, հետևաբար, տվյալներ փոխանցել չեն կարող:
Չկարողացանաք պատասխան գտնել նաև այն հարցին, թե կա՞ն արդյոք չափորոշիչներ, թե ինչպես հստակորեն տարբերակել գործարանային արտադրության դիմակները, քանի որ խանութներում, դեղատներում վաճառվում են դիմակներ, որոնք արտաքինից նման են բժշկական դիմակներին, սակայն գործարանային արտադրության չեն:
ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Անի Սմբատյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ՏՄՊՊՀ֊ն դիտանցումներ է իրականացնում շուկայում, որպեսզի բացահայտի տնտեսական մրցակցության օրենսդրության հնարավոր խախտումները, մասնավորապես գերիշխող դիրքի չարաշահումներն ու հակամրցակցային համաձայնությունները։
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից ևս ասացին, որ դիմակների դաշտն իրենց գործառույթից դուրս է. ունեն դեղերի վերահսկման վարչություն, որը զբաղվում է բացառապես դեղերի որակով:
Tert.am-ը զրուցեց նաև համաճարակաբան Ռուբեն Հովհաննիսյանի հետ: Վերջինս ընդգծեց՝ գործարանային արտադրության դիմակներն ինքնաշեն դիմակների հեմամատ ավելի արդյունավետ են, իսկ այն հանգամանքը, որ նախապես հայտարարվում է, թե քաղաքացիները կարող են կրել նաև ինքնաշեն դիմակներ, հետո կոչ է արվում կրել միայն գործարանային արտադրության դիմակներ, խոսում է համակարգային խնդիրների մասին:
Ինչ վերաբերում է հարցին՝ ինչպես տարբերել գործարանային արտադրության դիմակները, համաճարակաբանը նշեց, թե որևէ հստակ մեխանիզմ չկա: «Հավանաբար պետք է ուսումանսիրել տուփը, տեսնել՝ ով է արտադրողը: Դաշտը կարգավորված չէ»,-նշեց նա:










