NYT-ը ՌԴ հետախուզության և իսլամիստ գրոհայինների ենթադրյալ համագործակցության մասին նոր բացահայտումներ է արել

08:37 • 02.07.20

New York Times թերթը հերթական նյութն է հրապարակել ՌԴ-ի և «Թալիբան» խմբավորման ենթադրյալ դավադրության մասին՝ հղում անելով ամերիկացի և աֆղան պաշտոնատար անձանց։ Պարբերականը պնդում է, որ թմրանյութերի մաքսանենգ Ռահմաթ Ազիզին երկու կողմերի գլխավոր միջնորդն է եղել։

Պարբերականի համաձայն՝ Ազիզին կապված է եղել ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի շինարարական նախագծի հետ, իսկ հետո մեկնել է Ռուսաստան աշխատելու։

NYT-ի տվյալներով՝ ԱՄՆ հետախուզության զեկույցներում, որոնք հաստատում են աֆղան պաշտոնատար անձինք, ասվում է, որ Ազիզին տարիներ շարունակ ռուսական ռազմական հետախուզությունից գումարներ է փոխանցել «Թալիբան» արմատական խմբավորման հետ կապված գրոհայիններին: Հաղորդվում է, որ մոտ վեց ամիս առաջ աֆղանական հետախուզությունը խուզարկություններ է իրականացրել Քաբուլում և Կունդուզում մի շարք գործարարների գրասենյակներում, որոնք, ինչպես թերթն է գրում, կապված են եղել «վարձատրության սխեմայի» հետ:

«Գործողության նպատակը Ռահմաթն էր, որը Ռուսաստան էր ուղևորվում և պնդում, որ այնտեղ է աշխատում, սակայն ոչ ոք չգիտեր, թե ինչով է զբաղվում»,- հրատարակությունը մեջբերում է Կունդուզի նահանգային խորհրդի ղեկավարի տեղակալ Սաֆիուլա Ամիրիի խոսքը:

Ավելի վաղ New York Times թերթը, վկայակոչելով ամերիկյան հետախուզության անանուն ներկայացուցիչներին, հոդված էր հրապարակել, որում ասվում էր, որ ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության «29155 ստորաբաժանումը» Արևմտյան զորքերի վրա հարձակումներ է նախաձեռնել և վճարել իսլամիստ գրոհայիններին՝ Աֆղանստանում ամերիկյան և կոալիցիոն ուժերի ներկայացուցիչներին սպանելու համար։

Նշվում է, որ այս հարցը դեռևս մարտին քննարկվել է Սպիտակ տան Ազգային Անվտանգության խորհրդում։ Ըստ պարբերականի՝ ի պատասխան ՌԴ գործողությունների՝ ամերիկացի քաղաքական գործիչները մշակել են պատասխան հարվածի մի քանի տարբերակ՝ դիվանագիտական ապտակից մինչև պատժամիջոցների սահմանում։ Սակայն իրազեկ աղբյուրների տվյալներով՝ Սպիտակ տունը մինչ օրս ոչ մի որոշում չի կայացրել։

Նյութի հրապարակումից հետո ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունը հերքել է մեղադրանքները՝ New York Times-ին մեղադրելով կեղծ լուրերի և ապատեղեկատվության տարածման համար և հայտարարել, որ այդ հոդվածը սպառնալիքի տակ է դրել Միացյալ Նահանգներում և Միացյալ Թագավորությունում ռուսական դեսպանատների աշխատանքը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով թալիբների հետ Ռուսաստանի «դավադրության» մասին New York Times-ի հրապարակումը, հայտարարել է, որ այդ պնդումները սուտ են: Լրագրողների այն հարցին, թե արդյոք Թրամփն այս տարվա ընթացքում ինչ-որ կերպ քննարկել է այդ թեման Վլադիմիր Պուտինի հետ, Պեսկովը բացասական պատասխան է տվել: