Սպիտակ տունը հայտնել է, որ ոստիկանները «մաքրել» են Սիեթլ քաղաքի կենտրոնում ցուցարարների կողմից վերահսկվող հատվածը՝ «ինքնավար գոտին»
Սպիտակ տան մամուլի ծառայությունը հայտնել է, որ ԱՄՆ ոստիկանությունը քաղաքապետի հրամանով վերջնականապես մաքրել է Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքի «ինքնավար գոտին»՝ քաղաքի կենտրոնում ցուցարարների կողմից վերահսկվող հատվածը, գրում է Fox news-ը։
«Ես ուրախ եմ բոլորին տեղեկացնել, որ Սիեթլն ազատ է։ Կապիտոլիումի բլրի ինքնավար գոտին ձախ արմատականների չորսշաբաթյա անհաջող փորձ էր»,-հայտարարել է մամուլի քարտուղար Քեյլի Մակինենին:
Նա ընդգծել է օրենքի և կարգի կարևորությունը՝ երաշխավորելով «խաղաղություն փողոցներում»:
Մակինենին նաև հավաստիացրել է, որ Դոնալդ Թրամփի նախագահության ժամանակ ինքնավար գոտիներ գոյություն չեն կարող ունենալ։
«Սիեթլի ինքնավար գոտում հրաձգության հետևանքով 16-ամյա տղա է զոհվել, 14-ամյա տղան լուրջ վնասվածքներ է ստացել։ Ահա թե ինչ է կատարվում ինքնավար գոտում»,-հիշեցրել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Սիեթլը գրավել են «ներքին ահաբեկիչները»՝ կոչ անելով Վաշինգտոնի նահանգապետ Ջեյ Ինսլիին և Սիեթլի քաղաքապետ Ջենի Դուրկանին կարգավորել իրավիճակը և «քաղաքում վերահսկողությունն իրենց ձեռքը վերցնել»։
«Եթե դուք դա չանեք, ես կանեմ: Այդ սարսափելի անարխիստներին պետք է անհապաղ կանգնեցնել»,- գրել էր ԱՄՆ նախագահը, ինչին ի պատասխան Սիեթլի քաղաքապետ Ջենի Դուրկանը Թրամփին կոչ էր արել բողոքի ակցիաների ժամանակ տեղական իշխանությունների գործողություններին գնահատականներ չտալ և «վերադառնալ բունկեր»։
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ ցուցարարների վերահսկողության տակ էր հայտնվել Սիեթլի կենտրոնում գտնվող մի ամբողջ շրջան՝ Կապիտոլիումի բլուրը, որը հայտարարել էին «Կապիտոլիումի բլրի ինքնավար գոտի»: Մուտքը թաղամաս արգելափակվել էր բարիկադների օգնությամբ։










