Ինքնամեկուսացման ռեժիմի ընթացքում գողերը ներթափանցել են Եվրախորհրդարանի պատգամավորների գրասենյակներ և թալանել
Բրյուսելում գողերն օգտվել են կորոնավիրուսի համավարակի ընձեռած հնարավորությունից Եվրախորհրդարանի պատգամավորների գրասենյակներ ներթափանցելու և թալանելու համար, գրում է rg.ru կայքը։
Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Նիկո Սեմսրոթը հաղորդել է, որ գողերն իր գրասենյակ ներխուժելուց հետո մի շարք սարքավորումներ՝ այդ թվում և երկու նոութբուք են գողացել։ Նրա խոսքով՝ դրանցում գաղտնի՝ նաև խորհրդարանի փակ նիստերից տեղեկություններ են եղել։ Նա ենթադրել է, որ գողերը ներթափանցել են իր գործընկերներից առնվազն 50-ի գրասենյակ։
Ասվածը հաստատել է նաև իտալացի պատգամավոր Մասսիմո Կազանովան:
Հայտնի է, որ Եվրախորհրդարանի շենքը մարտից կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համար սահմանված ինքնամեկուսացման ռեժիմի ընթացքում գրեթե ամբողջովին դատարկ է եղել, աշխատակիցների մեծ մասը հեռավար աշխատանքային ռեժիմի է անցել։
Խորհրդարանի ներկայացուցիչը լրատվամիջոցներին հայտնել է, որ օրենսդիր մարմնի անվտանգության ծառայություն հաղորդագրություններ են ստացվել ապրիլին շենքում տեղի ունեցած գողությունների մասին, ուստի նրանք այժմ ոստիկանության և իշխանությունների հետ կապի մեջ են գործի բացահայտման համար։ «Մենք աջակցություն և օգնություն ենք առաջարկել պատգամավորներին և նրանց ու ոստիկանների միջև կապ ենք հաստատել»,- ասվում է հայտարարության մեջ։
Ներկայացուցիչը կոնկրետ տեղեկություն այն մասին, թե քանի գրասենյակ է թալանվել, չի տրամադրել։ Խորհրդարանի հայտարարության մեջ ասվում է, որ Եվրախորհրդարանի շենքում այժմ ուժեղացված հսկողություն է իրականացվում:










