Հնդկաստանում կորոնավիրուսով վարակված փեսան մահացել է հարսանիքից երկու օր անց, վարակը հայտնաբերվել է ևս 80 մարդու մոտ

23:46 • 02.07.20

Հնդկաստանի Բիհար նահանգում տեղի ունեցած հարսանիքից երկու օր անց փեսան մահացել է, ևս 80 մարդու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:

Ինչպես հայտնում է CNN-ը, ընդհանուր առմամբ, 400 մարդ է թեստավորվել երկու շաբաթ առաջ տեղի ունեցած հարսանիքից հետո: Կորոնավիրուսով վարակվածներին տեղափոխել են տեղի բուժկենտրոն:

Պարզվել է, որ փեսան հիվանդ է եղել հարսանիքից առաջ, որը տեղի է ունեցել հունիսի 15-ին, և նրա առողջական վիճակը գնալով վատթարացել է:

Նա հարսանիքին ներկայանալու համար Բիհար է ժամանել հյուսիսային Հարյանա նահանգից: Երկու նահանգների միջև հեռավորությունը կազմում է ավելի քան 1000 կմ:

Փեսան և իր ընտանիքը ոչինչ չեն ասել նրա վատ առողջական վիճակի մասին: Բացի այդ, տեղի հիվանդանոցում նրան չեն թեստավորել:  

Նշվում է, որ վարակված 80 մարդկանցից ոչ բոլորն են ներկա եղել հարսանիքին, նրանցից ոմանք պարզապես շփում են ունեցել հրավիրվածների հետ:

Հնդկաստանում համաճարակի բռնկման պահից ի վեր բացահայտվել է կորոնավիրուսով վարակման 606 907 դեպք, մահվան՝ 17 860: