Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 11 000-ը
Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 11 000-ը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադաթ Լարիին:
Լարին տեղեկացրել է, որ վերջին օրվա ընթացքում Իրանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2652 դեպք, վարակման հետևանքով մահացել է 148 մարդ:
Փետրվարի 19-ից, երբ Իրանի իշխանություններն առաջին անգամ տեղեկացրել էին կորոնավիրուսի առկայության մասին, երկրում գրանցվել է վարակման 232 863 և մահվան 11 106 դեպք: Վարակվածներից առնվազն 194 098-ն ապաքինվել է:
«Ցավոք, վարակակիրների և հոսպիտալացվածների վիճակագրությունը շատ նահանգներում աճում է: Հայրենակիցներին կոչ ենք անում սոցիալական հեռավորություն պահել, պարբերաբար լվանալ ձեռքերն ու դիմակ դնել»,-ասել է նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 10 834 211 է, մահացել է 519 582 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում:










