Նազարբաևն ապաքինվել է կորոնավիրուսից, սակայն շարունակում է ինքնամեկուսացման ռեժիմում մնալ

16:14 • 02.07.20

Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ապաքինվել է կորոնավիրուսից, սակայն շարունակում է ինքնամեկուսացման ռեժիմում մնալ և հեռավար աշխատել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով նրա մամուլի քարտուղար Այդոս Ուքիբային։

Հիշեցնենք, որ 79-ամյա Նազարբաևի մամուլի քարտուղարությունը հունիսի 18-ին հայտնել էր, որ նրա՝ կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստը դրական պատասխան է ցույց տվել։ 

«Լավ նորություններ ունեմ։ Ազգի առաջնորդի՝ այսօրվա կորոնավիրուսային վարակի թեստը բացասական է եղել։ Բժիշկների խորհուրդների համաձայն՝ Նուրսուլթան Նազարբաևը շարունակում է ինքնամեկուսացման ռեժիմը պահպանել, հեռակա աշխատել և ժամանակ հատկացնել մաքուր օդին զբոսնելուն»,- թվիթերյան իր օգտահաշվում գրել է Ուքիբայը։