«Ռուսաստանում վերապատրաստված օլիգարխ է». ԱՄՆ կոնգրեսական Մալինը` Իվանիշվիլիի մասին

15:18 • 02.07.20

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Մարքուեյն Մալինն իր «ԱՄՆ-ն պետք է աջակցի Վրաստանին ազատության համար նրա պայքարում» հոդվածում մի քանի պատճառներով քննադատել է Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար, երկրի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին` նրան անվանելով «Ռուսաստանում վերապատրաստված օլիգարխ»: Այս մասին գրում է netgazeti.ge կայքը:

Կոնգրեսականը գրում է, որ չնայած Իվանիշվիլին հեռացել է վարչապետի պաշտոնից՝ նա մնում է երկրի փաստացի ղեկավարը և չի կատարել ընտրական համակարգը համամասնական դարձնելու իր խոստումը:

Մալինը նշել է նաև, որ Իվանիշվիլին ցանկանում է վտարել ամերիկյան բիզնեսը Վրաստանից և օրինակ է բերել Frontera ընկերությանը, որի հետ Վրաստանը վեճ էր ունեցել միջազգային դատարանում:

Կոնգրեսականը Ներկայացուցիչների պալատի իր գործընկերներին կոչ է արել ընդունել իր առաջարկած օրինագիծը, որը նախատեսում է պատժամիջոցներ սահմանել Իվանիշվիլիի նկատմամբ:

Մալինի մեղադրանքների վերաբերյալ վրացի լրագրողները հարց են ուղղել երկրի արտգործնախարար Դավիդ Զալկալիանիին, որն էլ ի պատասխան նշել է, որ Մալինի և մի քանի կոնգրեսականների հայացքները սուբյեկտիվ են: