Ամերիկացի սենատորն առաջարկել է պատժամիջոցներ սահմանել Պուտինի և Շոյգուի նկատմամբ

09:50 • 02.07.20

ԱՄՆ Սենատի միջազգային հարցերի հանձնաժողովի անդամ, ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Բոբ Մենենդեսն առաջարկել է պատժամիջոցներ սահմանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և այլ «պաշտոնատար անձանց նկատմամբ»: Այս մասին տեղեկանում ենք սենատորի կայքից:

Պատժամիջոցների համար որպես պատճառ սենատորը նշել է ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, որ իբր Ռուսաստանի և աֆղանական «Թալիբան» շարժման միջև համաձայնություն է ձեռք բերվել ամերիկյան և միջազգային կոալիցիայի զինվորների սպանության համար Ռուսաստանի կողմից պարգևատրվելու վերաբերյալ:

Մենենդեսն առաջարկել է այդ պատժամիջոցների նախագիծը ներառել Պենտագոնի բյուջեի նախագծում:

«Ավելի ու ավելի շատ մանրամասներ հայտնի դառնալուն զուգահեռ պարզ է դառնում, որ նախագահ Դոնալդ Թրամփն ի վիճակի չէ պաշտպանել ամերիկացի զինծառայողներին: Այս իրավիճակում առաջին պլան պետք է դուրս գա Կոնգրեսը և պաշտպանի մեր քաղաքացիներին Կրեմլի ագրեսիայից: Պենտագոնի բյուջեն պետք չէ ընդունել առանց այս փոփոխության»,-ասված է հաղորդագրության մեջ:

Մասնավորապես, Մենենդեսն առաջարկում է սառեցնել Պուտինի ու Շոյգուի հաշիվները և արգելել նրանց մուտքն ԱՄՆ:

Առաջարկի մեջ նշված են նաև ռուսական պաշտպանական հատվածի նկատմամբ բանկային սահմանափակումները, ինչպես նաև Պուտինին մոտ «ռուսաստանցի օլիգարխների» նկատմամբ պատժամիջոցները:

Մեկնաբանելով Մենենդեսի առաջարկը` ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ «Վաշինգտոնում այժմ շատ բաներ են կատարվում, որոնք դժվար է բացատրել»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ The New York Times-ի սկանդալային հոդվածում ասվում էր, որ ՌԴ ռազմական հետախուզության ստորաբաժանումներից մեկը գաղտնի վարձատրել է «Թալիբան» շարժման հետ կապված գրոհայիններին՝ Աֆղանստանում ամերիկյան և կոալիցիոն ուժերի ներկայացուցիչներին սպանելու համար: