Երբ իմացա՝ ԵՊՀ-ում դասաժամեր չեմ ունենալու, դեկանի հետ խոսեցի, սակայն կոշտ պատասխան ստացա․ ասաց՝ ժամերը բաշխելու ենք ներսի աշխատողների միջև. Հարություն Մովսիսյան (տեսանյութ)

22:31 • 02.07.20

Այն հանգամանքը, որ ես որոշակի խնդիրներ տեսնելիս բարձրաձայնում եմ, օգտագործում են որպես առիթ ու փորձում են ինձ Համալսարանում ժամեր չտրամադրել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց ԵՊՀ ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոնի դոցենտ Հարություն Մովսիսյանը՝ ներկայացնելով, որ նոր ուսումնական տարում իրեն այլևս դասաժամեր չեն հատկացվելու: Նշենք, որ Մովսիսյանն արժանացել է «տարվա լավագույն դասախոս» մրցանակին:

«Պատճառաբանում են, թե ես անցել եմ այլ հիմնական աշխատանքի և Համալսարանում համատեղությամբ եմ, ու ժամերի քիչ լինելով պայմանավորված՝ փորձում են ապահովել ներսի աշխատողներին: Բայց այդ մոտեցումն անձնավորված է կիրառվում, ես այլ աշխատանքի անցնելուց պայմանավորվածություն էի ձեռք բերել, որ Համալսարանում ապահովելու եմ իմ որոշակի ժամաքանակը, սակայն դա հաշվի չի առվել և հիմնական պատճառը բերվում է այն, որ ժամեր չկան, սակայն հասկանալի է՝ այստեղ ոչ թե ժամերի խնդիրն է, այլ որոշակի անձնական խնդիրներ են՝ կապված այն բանի հետ, որ եթե ես հարցեր եմ տեսնում, բարձրաձայնում եմ դրանց մասին»,-ասաց նա:

Մովսիսյանի խոսքով՝ իր բարձրաձայնած խնդիրները եղել են կապված ուսումնական գործընթացի հետ և այն խնդիրները, որոնք նա բարձրաձայնել է, շատերին դուր չեն գալիս: Նա նշեց, որ իրեն դասաժամեր չտրամադրելու մասին պաշտոնապես չի ծանուցվել, այդ մասին տեղեկացել է այն ժամանակ, երբ ներկայացվել են ամբիոնային բեռնվածությունները: Ըստ նրա՝ այս ամենի հետևանքով ուսանողները զրկվում են այն ծրագրերը ուսումնասիրելուց, որոնք նա մշակել էր:

«Երբ իմացա, որ Համալսարանում դասաժամեր չեմ ունենալու, և՛ ամբիոնի վարիչի, և՛ դեկանի հետ խոսեցի, սակայն կոշտ պատասխան ստացա՝ այսպես ենք որոշել, այսպես է նպատակահարմար և ժամերը բաշխելու ենք ներսի աշխատողների վրա, եթե հետո ժամեր լինեն, կտանք, բայց բնական է, որ հետո ժամեր չկան և հետագայում նման հույսեր չեն կարող լինել: Սա ցույց է տալիս, որ անհատական մոտեցում է ցուցադրվում և մինչ այդ գործող սկզբունքը, փաստորեն, չի գործում»,- շեշտեց դոցենտը:

Մանրամասները՝ տեսանյութում