«Կասկածում եմ, որ երկրորդ ալիք լինի»․ Մոսկվայի քաղաքապետը կորոնավիրուսային համավարակի երկրորդ ալիքի հավանականությունը ցածր է համարում

11:54 • 02.07.20

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ քաղաքում կորոնավիրուսային համավարակի երկրորդ ալիքի հավանականությունը ցածր է, գրում է interfax.ru կայքը։ 

«Երեք ամիս հիվանդության թվի նման աճ չի եղել, այդ իրավիճակը միայն ապրիլի սկզբին էր։ Այժմ իրավիճակն ամբողջովին այլ է, այն ամեն շաբաթ բարելավվում է։ Կասկածում եմ, որ երկրորդ ալիք լինի։ Կարող են որոշ շեղումներ լինել, սակայն դրանք իրավիճակը չեն փոխի»,- նշել է Սոբյանինը Մոսկվայի բնակիչների հետ հանդիպման ընթացքում:

Քաղաքապետը նաև հույս է հայտնել, որ առաջիկա ամիսներին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը հասանելի կլինի՝ նշելով, որ արդեն փորձարկումներ են իրականացվում, ուստի և հնարավոր է, որ սեպտեմբերին պատրաստ լինի։

Մոսկվայում հուլիսի 1-ի առավոտյան տվյալներով՝ կորոնավիրուս է հայտնաբերվել 611 մարդու մոտ, ինչը ապրիլի 6-ից ի վեր օրական գրանցված դեպքերի ամենացածր ցուցանիշն է։ Մեկ օրում հիվանդությունից մահացել է 35 մարդ, ապաքինվել է 1769 հոգի։

Համավարակի սկզբից Մոսկվայում ընդհանուր հայտնաբերվել է 222 209 վարակակիր, որից 3831-ը մահացել է, 152 193-ը՝ ապաքինվել։ Այժմ Մոսկվայում կորոնավիրուսով հիվանդ է ավելի քան 66 000 մարդ։