Թուրքմենստանի նախագահ Բերդիմուհամեդովի թոռանը մշակույթի մեջ ունեցած ներդրման համար պարգևատրել են 1000 դոլարով
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի թոռը` Քերիմգուլին, երկրի խորհրդարանի որոշմամբ պարգևատրվել է նախագահական «Թուրքմեն Ալթըն ասըրը» մրցանակով` «ազգային մշակույթը նոր գործերով հարստացնելու, տոնական միջոցառումներին հաջող ելույթների համար` հաշվի առնելով մրցույթի հաղթողներին որոշող հանձնաժողովի միջնորդությունը»: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի թուրքմենական ծառայությունը:
Քերիմգուլի Բերդիմուհամեդովը պարգևատրվել է ոսկե շղթայով և 3500 մանաթով (շուրջ 1000 դոլար): Երիտասարդը «երաժշտական աշխարհում հայտնի է որպես մի շարք երգերի երաժշտության հեղինակ, որոնց խոսքերը պատկանում են նախագահ Բերդիմուհամեդովի գրչին»:
Վերջերս երկրի նախագահի ծննդյան օրվա կապակցությամբ կայացած տոնական համերգի ժամանակ նա ներկայացրել է իր նոր երգերը:
Քերիմգուլին Բերդիմուհամեդովի թոռներից ամենահայտնին է: Նա մանկուց շատ հաճախ էր պապի հետ հայտնվում տեսախցիկների առաջ: Երկար ժամանակ վերլուծաբանները կարծում էին, որ նախագահը որպես իր իրավահաջորդ դիտարկում է հենց թոռանը, ոչ թե որդուն` Սերդարին: Միևնույն ժամանակ, հայտնի չէ` Քերիմգուլին Սերդարի տղան է, թե նախագահի դուստրերից մեկի:










