Շվեյցարիայում հուլիսի 6-ից սկսած հանրային տրանսպորտից օգտվող բոլոր անձինք պարտադիր պետք է դիմակ կրեն

17:33 • 02.07.20

Շվեյցարիայի կառավարությունը հայտնել է, որ երկրում հանրային տրանսպորտից օգտվող բոլոր անձինք հուլիսի 6-ից սկսած պետք է պարտադիր դիմակ դնեն։ Նախատեսվում է նաև կորոնավիրուսի բարձր ռիսկայնություն ունեցող շրջաններից երկիր ժամանած մարդկանց համար պարտադիր կարանտինային ռեժիմի սահմանում, գրում է swissinfo.ch կայքը։ 

«Կորոնավիրուսի դեմ պայքարի թուլացումից հետո առավել մեծ թվով մարդիկ են սկսել հանրային տրանսպորտից օգտվել»,- ասվում է կառավարության հայտարարության մեջ։ Շատ դեպքերում մարդկանց միջև 1,5 մետր հեռավորությունը հնարավոր չէ միշտ պահպանել, ուստի կառավարությունը որոշել է դիմակների պարտադիր կրման ռեժիմ սահմանել։

Նշվում է, որ այս ռեժիմը վերաբերում է 12 տարեկանից բարձր ցանկացած անձի, որն օգտվում է հանրային տրանսպորտից։ Կարգին չհետևելու դեպքում բնակիչներին տուգանք է սպառնում։

«Ցանկանում ենք կանխել վարակի տարածման երկրորդ ալիքը»,-այս առնչությամբ հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Ալեն Բերսեն։

Երկրի նախագահ Սիմոնետա Սոմմարուգան, իր հերթին, նշել է․ «Վերջին օրերին տեսանք, թե ինչպես վիրուսը կարող է կրկին տարածվել»։

Հիշեցնենք, որ չորեքշաբթի առողջապահության դաշնային գերատեսչություն հաղորդագրություն է ստացվել, որ երկրում կորոնավիրուսի 137 նոր վարակակիր է հայտնաբերվել, ինչը երեքշաբթի գրանցված 62 դեպքի և երկուշաբթի գրանցված 35 դեպքի համեմատությամբ բարձր ցուցանիշ է։