«Սուրբ Սոֆիայի տաճարի վերաբերյալ մի շարք երկրների հայտարարություններն ուղղակի միջամտություն են Թուրքիայի ներքին գործերին». Էրդողան

19:23 • 03.07.20

Սուրբ Սոֆիայի տաճարի վերաբերյալ մի շարք երկրների հայտարարություններն ուղղակի միջամտություն են Թուրքիայի ներքին գործերին, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում են թուրքական լրատվամիջոցները:

Էրդողանի խոսքով՝ Անկարան «ինքը կորոշի Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը»։

Նա նշել է, որ Թուրքիայում առանց խնդիրների գործում են բազմաթիվ եկեղեցիներ և սինագոգներ։

Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Համի Աքսոյը գրավոր պատասխանել էր ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի` Սուրբ Սոֆիայի տաճարը որպես թանգարան պահպանելու կոչին: 

«Մենք ժառանգել ենք այս տարածքի մշակութային արժեքները: Սուրբ Սոֆիայի տաճարը, ինչպես նաև այստեղի մյուս մշակութային ժառանգությունները գտնվում են Թուրքիայի տարածքում: Տաճարի կարգավիճակի որոշումը Թուրքիայի ներքին գործն է: Ցանկացած մարդ կարող է իր կարծիքը հայտնել, սակայն չի կարող մեր ինքնիշխանությանը վերաբերող հարցերում իր կանոնները թելադրել»,-նշել էր Թուրքիայի ԱԳՆ խոսնակը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների իշխանությունները կոչ են անում Թուրքիային պահպանել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարի ներկայիս կարգավիճակը որպես թանգարան և այն չվերածել մզկիթի:

Ֆրանսիայի արտգործնախարարությունը նույնպես հայտարարել էր, որ Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը, որը 6-րդ դարում կառուցվել է որպես քրիստոնեական տաճար, պետք է բաց լինի բոլորի համար:

«Հանդուրժողականության և բազմազանության խորհրդանիշ այս վայրը պետք է բաց մնա բոլորի համար»,-հայտարարել էր Ֆրանսիայի արտգործնախարարության խոսնակը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հանձնարարել էր իր օգնականներին ուսումնասիրել Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխության և այն թանգարանից մզկիթի վերածելու հավանականությունը:

Սուրբ Սոֆիայի տաճարը բյուզանդական ճարտարապետության հուշարձան է: Այն կառուցվել է 532-537 թվականներին Հուստինիանոս կայսեր հրահանգով, որը որոշել էր հավերժացնել Կոստանդնուպոլսի փառքը: 1985 թվականին տաճարն ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկում: