Խուճապն առաջացավ այն ժամանակ, երբ մարդիկ տեսան՝ ինչ է կատարվում աշխարհում, բայց չէին ստանում գիտելիքներ՝ ինչպես պաշտպանվել. համաճարակաբանը՝ կորոնավիրուսի մասին (տեսանյութ)

14:58 • 03.07.20

Եթե անդրադառնանք ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի այն պնդմանը, որ կորոնավիրուսի դեմ պայքարում առկա բացթողումները պայմանավորված են կորոնավիրուսի ոչ բավարար ուսումնասիրության հետ, պետք է նշեմ, որ ունենք համաճարակաբանության աքսիոմա՝ եթե վիրուսն ուսումնասիրված չէ և անհայտ է, այն պետք է դիտարկել առավելագույն վտանգավոր, մինչև չապացուցվի հակառակը. այսօր ասուլիս ժամանակ նշեց բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը:

Համաճարակաբանի կարծիքով՝ փետրվարին ԱՀԿ-ի հայտարարության մեջ ասվում էր, որ վիրուսն ունի բավականին մեծ վտանգավորություն, պանդեմիայի վերածվելու բնութագրեր և բարձր մահաբերություն: Նույնիսկ եղել է ցուցում, որ այն չի կարելի համեմատել գրիպի հետ, քանի որ գրիպի վիրուսն ունի պատվաստանյութ և բուժում, մարդկանց իմունային համակարգը ծանոթ է հիվանդությանը: Այսինքը, ըստ բժշկի՝ դեռևս փետրվարին ԱՀԿ-ն տեսնում էր, որ որոշ մասնագետներ փորձում են վիրուսը համեմատել այլ գրիպների հետ:

«Նման դեպքերում պետք է արվեր մաքսիմալ միջոցառումներ: Մարտի սկզբին միտք հնչեց, որ կարանտինն արդյունավետ միջոց չէ, ինֆեկցիոն հիվանդությունների հետ պայքարում, այնինչ կարանտինը համաճարակաբանության մեջ միշտ եղել է արդյունավետ միջոց: Փետրվարին արդեն ԱՀԿ-ից կար տեղեկություն, որ իրավիճակը Իրանում և Իտալիայում մտահոգիչ է: Փետրվարի 28-ին ունենք հստակ հաղորդագրություն, որ Իտալիայից վիրուսը գնացել է արդեն 14 երկիր իսկ Պարսկաստանից 97 վարակակիր գնացել է դեպի 11 երկիր: Փաստորեն, ուշադրություն չի դարձվել այս տեղեկատվությանը և սահմնափակումներ չեն մտցվել»:

Էդուարդ Հովհաննիսյանը նշում է, որ Հայաստանում հայտարարված կարանտինը ոչ արդյունավետ է իրականացվել: Քանի որ համաճարակաբանությունը, որպես գիտություն նշում է, որ նման դեպքերում կարանտինը պետք է մտցվի ամբողջ ուժով և միայն հետագայում իրավիճակը ուսումնասիրելուց հետո կարելի է աստիճանաբար սահմանափակումները թուլացնել:

Ըստ նրա՝ փետրվարին ԱՀԿ-ն խոսել է այն մասին, որ պետք է աշխատանք տարվեր բնակչության հետ: Բնակչությանը տալով լիարժեք ինֆորմացիա, որպեսզի բոլոր շերտերը պաշտպանված լինեն, միաժամանակ չառաջացնելով խուճապ.

«Կարող ենք վերհիշել ՀՀ առողջապահության նախարարի ներկայացրած ինֆորմացիան, արդյո՞ք դա եղել է ամբողջական և բնակչությանը պաշտպանող, սովորեցնող և վարքագիծ մշակող, տրամաբանական է՝ ոչ: Խուճապն այն ժամանակ առաջացավ, երբ մարդիկ տեսնում էին ինչ է կատարվում ամբողջ աշխարհում, բայց չէին ստանում լիարժեք գիտելիքներ, որն իրենց կարող էր պաշտպանել»:

Էդուարդ Հովհաննիսյանը նաև ընդգծեց, որ փետրվարին ԱՀԿ-ն ուղղորդել է մշակել հակահամաճարակային ռազմավարություն, գնահատել բժշկական կարողությունները և մշակել բնակչության հետ հաղորդակցման ռազմավարություն՝ նախապատրաստվելով համաճարակին, ինչը մարտի 6-ին Վրաստանը կատարել է՝ տալով ռազմավարության ամբողջ գնահատականը:

Ըստ մասնագետի՝ մյուս խնդիրը ռազմավարության պլանավորումն էր: Նախարարն ասել էր, որ վիրուսն ունենալու է սեզոնայնություն, և երբ ջերմաստիճանը բարձրանա համաճարակը հետ է զարգանալու, վիրուսի տարածվածույունը նվազելու է: Սակայն դա հակասում է Իտալիայից, Չինաստանից ստացած տեղեկություններին, այն մասին, որ վիրուսը հիմնականում նեղ կոլեկտիվներում փոխանցվող է, այսինքն՝ արտաքին միջավայրը վրան չի ազդում: Ինչպես նաև գոյություն ունի համաճարակաբանության սկզբունք, որ պանդեմիաները չունեն սեզոնայնութուն: