Ստամբուլում սկսվում է սաուդցի լրագրող Խաշոգջիի սպանության գործով դատավարությունը

05:21 • 03.07.20

Սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործով 20 մեղադրյալների դատական 1-ին նիստը տեղի կունենա Ստամբուլում ուրբաթ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Նշվում է, որ դատը կանցնի հեռակա ռեժիմով:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր լրագրողն անհետացել էր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն մուտք գործելուց հետո: Թուրքական ոստիկանությունը պնդում էր, որ լրագրողը սպանվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքի ներսում: Մինչդեռ հյուպատոսարանից հայտնում էին, թե Խաշոգջին կորել է հյուպատոսության շենքից դուրս գալուց հետո:

Ավելի ուշ Սաուդյան Արաբիան խոստովանել էր, որ լրագրողը սպանվել է, ըստ նրանց՝ դա տեղի է ունեցել հյուպատոսության ներսում ծագած վեճի հետևանքով: