Վերաբերել տաղավարին այնպես, ինչպես սուպերմարկետի, դա ոչ պրոֆեսիոնալ, ոչ համարժեք վերաբերմունքի արդյունք է. Բորիս Նավասարդյանը՝ «Արմնյուզ» ՀԸ ոստիկանների այցի մասին
Մեր կազմակերպությունը հստակ նշել է, որ Ոստիկանությունը այն մարմինը չէ, որ կոմպետենտ է որոշել այս կամ այն լրատվամիջոցը կամ լրագրողը խախտում է արտակարգ դրության պահանջները, թե ոչ. Tert.am-ի հետ զրույցում այս մասին նշեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ անդրադառնալով այսօր «Արմնյուզ» հեռուստաընկերություն ոստիկանների այցելությանը և դիմակ չկրելու փաստով վարչական վարույթ հարուցելու որոշմանը:
Բորիս Նավասարդյանը նշեց, որ խնդրի վերաբերյալ դեռևս ապրիլ ամսին իրենք մի շարք գործընկերների հետ հայտարարություն են տարածել՝ կոչ անելով հստակեցնել, թե ո՞ր մարմինն է հետևում լրատվամիջոցներում արտակարգ դրության պահանջները կատարելուն.
«Կոչ էինք արել ձևավորել ավելի հարմարեցված մարմին, և ես կարծում եմ, որ լավագույն մարմինը, որը կարող է այդ հարցում իր եզրակացություններն անել, դա Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն է: Ինձ համար մեծ նշանակություն ունի ի՞նչ է ասում Տիգրան Հակոբյանը, ի վերջո դա է կարգավորող մարմինը, որը ապահովվում է հեռարձակվող լրատվամիջոցների կողմից ՀՀ օրենսդրության պահանջների կատարումը: Եվ եթե Տիգրան Հակոբյանը այդպիսի հրապարակային կարծիք է հայտնել, որ դիմակ դնելը եթերում պարտադիր չէ, նույնիսկ եթե որևէ տեղ գրված չէ, միայն հայտարարություն է, միևնույն է՝ դա պետք է լինի ուղեցույց ոստիկանների համար:
Հեռուստաընկերություններին համարել հանրային տարածք և վերաբերել տաղավարին այնպես, ինչպես սուպերմարկետի, դա ոչ պրոֆեսիոնալ, ոչ կոմպետենտ և ոչ համարժեք վերաբերմունքի արդյունք է»:
Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ կարևոր է, որպեսզի լինեն հստակեցումներ, թե արտակարգ դրության այս կամ այն դրույթը անդրադառնո՞ւմ է լրատվամիջոցներին ՝ հատկապես հեռարձակվող լրատվամիջոցների գործունեության վրա, թե ոչ.
«Այդ առումով շատ ավելի նպատակահարմար է, որ պահանջ դրվեր մինչև տեսագրության սկիզբը դիմակ կրել, քանի որ մինչ հաղորդման սկսվելը հաղորդման մասնակիցները տեղաշարժվում են:
Ի վերջո, կարող են այդ ընթացքում խախտել սոցիալական հեռավորություն, հյուրին բարձրախոս է միացնվում և այլն: Բայց, երբ սկսվում է հաղորդումը, ապահովված է սոցիալական հեռավորությունը և տաղավարի ախտահանումը, ապա որևէ դիմակ այստեղ անհրաժեշտ չէ: Չնայած որ որոշ հեռուստաընկերություններ կարող են որոշել և մասակցել ՝ «կրիր դիմակ, փրկիր կյանքեր» արշավին և իրենց օրինակով գաղափարը տարածել, դա իրենց ընտրություն է և դա չի կարող բոլորի համար պարտադիր լինել:
Շատ դեպքերում՝ եթերի ժամանակ մասնակիցները ձեռքով անընդհատ դիպչում են դիմակին, նման դեպքերում, հեռուսատադիտողը հակառակ տպավորություն է ունենում և տեսնում է, թե ինչպես չպետք է օգտագործել դիմակները»:
Բորիս Նավասարդյանը նկատում է, որ առանց դիմակի հաղորդում են տեսագրում հիմնականում այն հեռուստաընկերություններն, որոնք առավել քննադատաբար են վերաբերվում այսօրվա իշխանություններին, բայց տվյալ դեպքում չգիտի, թե ինչո՞ւ է հատկապես «Արմնյուզ» հեռուստաընկերության նկատմամբ նման մոտեցում ցուցաբերվում.
«Կասկած է առաջացնում, թե ինչո՞ւ է «Արմնյուզ»-ը թիրախավորվել: Միգուցե ուզում են նախադեպ ստեղծել, բայց մինչ դա պետք է հստակեցվի, թե ինչո՞ւ է դա արվում, ի՞նչ հիմունքներով և ի՞նչ են ուզում դրանով ասել․ իսկ առաջին ուղերձը պետք է լինի մասնագիտացված մարմնից , ոչ թե Ոստիկանության կողմից:
Մենք պետք է հիշեցնենք, որ այն, ինչ կապված է լրատվամիջոցների ոլորտում արտակարգ դրության պահանջներին, պետք է հստակ քննարկվի և գնահատական տրվի մասնագիտացված մարմնի կողմից: Իսկ Ոստիկանությունն այս պարագայում կամայական որոշումներ և գործողություններ ոչ մի դեպքում չպետք է կիրառի»,-ավելացրեց նա:










