Առաջարկում ենք ներկայացնել փաստեր, որպեսզի հնարավոր լինի կատարել ուսումնասիրություններ, այլապես հայտարարությունը նման է «օդում կախված լուրի»․ ԱՆ խոսնակը՝ Ն․ Զոհրաբյանի հայտարարության վերաբերյալ
ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ ավելի վաղ հատնած տեղեկության վերաբերյալ առ այն, որ իրեն պատմել են, որ մորաքրոջը տարել են, հուղարկավորել, ինքնահողի օրը մորաքույրը զանգել է, ասել է՝ էս մի հատ չեք զանգում, հետաքրքրվեք՝ ոնց եմ, ոնց չեմ:
«Բազմաթիվ հարցեր են հնչում` կապված պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարության հետ: Ցիտում եմ այդ հատվածը. «Ինձ պատմեցին, որ մորաքրոջը տարել են հուղարկավորել են, ինքնահողի օրը, մորաքույրը զանգահարել է ու ասել, էս ինչի՞ մի հատ չեք զանգում, հետաքրքրվեք, ես ո՞նց եմ, ո՞նց չեմ»:
Եթե իրապես հետաքրքիր է «դեպքը» բացահայտելը` առաջարկում ենք ներկայացնել կոնկրետ տվյալներ և փաստեր, որպեսզի հնարավոր լինի կատարել ուսումնասիրություններ: Այլապես հայտարարությունը նման է «օդում կախված լուրի»:
Ինչ վերաբերում է նախորդ դեպքին, ապա հանգամանքները պարզվել են: Տեղի էր ունեցել շփոթմունք՝ ճանաչման ու դիերի տեղափոխման գործընթացում։
Ներողություն ենք խնդրում կատարվածի կապակցությամբ և ցավում, որ ընտանիքն առանց այդ էլ դժվարին պահին, նման խնդրի և անհարմարությունների է բախվել»։










