Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան վրա ԼԳԲՏ դրոշը փակցնելով՝ ցույց են տվել, թե ով է այնտեղ աշխատում. Պուտին

23:12 • 03.07.20

Վլադիմիր Պուտինը ՌԴ Սահմանադրության մեջ փոփոխություններ նախապատրաստող աշխատանքային խմբի հետ տեսակոնֆերանսի ժամանակ անդրադարձել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան շենքի ճակատին ԼԳԲՏ համայնքի դրոշի փակցմանը, գրում է eadaily.com-ը։

«Ռուսաստանում չի եղել, չկա և չի լինի ռասսայական պատկանելության, սեռական կողմնորոշման, ազգության, կրոնական ուղղվածության հիման վրա իրավունքների սահմանափակում․ նման բան Ռուսաստանում չի եղել և երբեք չի լինի»,-ընդգծել է ՌԴ նախագահը:

«Նրանք դրանով ցույց են տալիս, թե ով է աշխատում ԱՄՆ դեսպանատանը»,- հավելել է նա՝ լսելով կատարվածի մասին պատմությունը:

Խոսելով Ռուսաստանում առկա սահմանափակումների մասին՝ ՌԴ նախագահը հիշեցրել է անչափահասների շրջանում համասեռամոլության քարոզն արգելելու մասին։

«Թող մարդը մեծանա, չափահաս դառնա և ինքն էլ որոշի իր ճակատագիրը»,-պարզաբանել է Պուտինը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան ճակատին ԼԳԲՏ համայնքի ծիածանագույն դրոշն է տեղադրվել: Դեսպանատան հաղորդագրության մեջ ասվում է, որ դա տեղի է ունեցել ծիածանագույն դրոշի օրվա առթիվ: