Խոսքի ազատությունն անքակտելի իրավունք է. փաստացի ՀՌԱՀ-ն և Ոստիկանությունն իրար հակասում են. «Արմնյուզ»-ը թիրախավորված է. մեդիապաշտպանը՝ «Արմնյուզ» ՀԸ-ի դեմ վարչական վարույթ հարուցման մասին
ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանը նշել էր, որ տաղավարում դիմակ կրելը պարտադիր չէ, ուստի ինձ համար անհասկանալի է այս վարչական վարույթի հարուցումը: Նման մեթոդները չեն ողջունվում և նման մեթոդներով չի կարելի լրատվամիջոցների հետ աշխատել և ճնշել․ այս մասին այսօր Тert.am-ի հետ զրույցում ասաց Մեդիա պաշտպանության փորձագետ Էդգար Խաչատրյանը՝ խոսելով «Արմնյուզ» հեռուստաընկերության նկատմամբ վարչական վարույթ հարուցելու մասին:
Հիշեցնենք, որ ՀՀ Ոստիկանության ծառայողներն այսօր այցելել են «Արմնյուզ» հեռուստաընկերություն՝ վարչական վարույթ հարուցելու նպատակով: Վարչական վարույթ հարուցելու պատճառաբանությունն այն է, որ «Արմնյուզ» հեռուստաընկերության հեռուստամեկնաբաններից մեկը տաղավարում դիմակ չի կրել:
Նա ասաց, որ Ոստիկանները պարզաբանել են՝ վարչական վարույթ հարուցելուց հետո վարույթը պետք է քննվի, հետո որոշում կայացվի տուգանքի չափի և ընթացքի մասին:
«Խոսքի ազատությունը անքակտելի իրավունք է և լրագրողների ազատ աշխատելը: Այս դեպքում փորձում են վախի մթնոլորտ ստեղծել կամ փորձել ճնշել: Չեմ կարող քաղաքական դրդապատռճառների մասին հայտարարություններ անել, բայց ես տեսնում եմ ազատ մամուլի դեմ ճնշում»,- ասաց նա:
Այն մասին, թե ինչու հենց «Արմնյուզ» հեռուստաընկերության նկատմամբ վարույթ հարուցվեց, քանի որ շատ այլ հեռուստաընկերությունների լրագրողներ ևս առանց դիմակով չեն աշխատում, փորձագետն ասաց, որ դիմում է եղել Արմնյուզի նկատմամբ: «Երկրորդը՝ գուցե «Արմնյուզ»-ը խոսում է այնպիսի բաներ, որոնք հաճո չեն այսօրվա իշխանություններին կամ որոշ անձանց, որոնք այդ դիմումը ներկայացրել են: Ոստիկանությունը դիմումի հիմքով է այստեղ եկել»:
Պաշտպանը կոչ արեց, որ Ոստիկանությունը լրատվամիջոցներ չայցելի և փորձի վարչական վարույթներ կազմել դիմակ չկրելու հիմքերով, քանի որ ՀՌԱՀ-ն թույլ է տալիս տաղավարում առանց դիմակ լինել: Ըստ նրա՝ փաստացի երկու գերատեսչություններ իրար հակասում են: «Իհարկե, «Արմնյուզ»-ը թիրախավորված է և նպատակաուղղված են այստեղ եկել»:
Մանրամասները՝ տեսանյութում










