Քաղաքապետարանի աշխատակցի սխալի պատճառով չեմ կարողացել մասնակցել աճուրդին․ դիմել եմ ոստիկանություն, պահանջում եմ չեղյալ հայտարարել այն. քաղաքացի (տեսանյութ)

00:02 • 03.07.20

Երևանի քաղաքապետարանի  հայտարարված հողատարածքի աճուրդին մասնակցել ցանկացող Արշակ Ղարիբյանը զրկվել է այդ հնարավորությունից։ Tert.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ հայտում նրա ազգանունը սխալ է լրացվել քաղաքապետարանի աշխատակցի կողմից․ «Ապրիլ ամսին Yerevan․am-ում  աճուրդի մասին հայտարարություն տեսա ու մասնակցության հայտ ներկայացրի։ Քաղաքապետարանի   աշխատակցուհին՝ Սյուզաննա Սերոբյանը, ինձ ասաց՝ թղթի ներքևում ես միայն ստորագրեմ, մնացածն ինքը կանի։  Վստահելով՝ ստորագրեցի, մնում էր միայն իմ անձնագրի տվյալները լրացնել, նա  անձնագիրս վերցրեց,  պատճենահանեց ու կցեց հայտին, բայց Արշակ Ղարիբյանի փոխարեն գրեց Արշակ Գրիգորյան։ Ես հետո միայն իմացա, որ իրենք պարտավոր էին նաև ինձ ինչ–որ փաստաթուղթ տալ, որ ես մասնակից եմ աճուրդին, դա էլ չեն տվել, մի խոսքով օրենքի լրիվ խախտումներով է այս ամեն ինչը տեղի ունեցել»։

Հարցին պարզաբանում և լուծում տալու համար՝ Արշակ Ղարիբյանը մայիսի 19–ին՝ աճուրդից մեկ օր հետո,  դիմել է  համապատասխան մարմիներին, սակայն մինչ օրս արձագանք չի ստացել․ «Դիմել եմ քաղաքապետարանի վերահսկողության ծառայություն, սակայն մինչ օրս դիմում–պահանջիս պատասխան չեմ ստացել, տեղյակ եմ, որ քաղաքապետարանը դիմումին պատասխասնում է 30 օրվա ընթացքում, բայց  մինչ օրս պատասխան չկա։ Դիմել եմ ոստիկանություն, նորից պատասխան չկա, ունեմ փաստաբան, ով զբաղվում է այս հարցերով, բայց համակարգի աշխատողները դեռ ոչ մի արձագանք չեն տալիս»։

 Այս հողատարածքից բացի եղել են նաև աճուրդի հանված  երկու այլ տարածքներ, որոնց համար Արշակ Ղարիբյանը ցանկություն է հայտնել հայտ ներկայացնել, սակայն քաղաքապետարանի աշխատակցուհին, քաղաքացու պնդմամբ, ամեն կերպ  իրեն աճուրդից հետ պահելու քայլեր է արել․ «Երկու տարածք կար, ասացի՝ ուզում եմ այս հողերի համար հայտ ներկայացնել, ասաց՝ պետք է մրցակցեմ,  15 օր հետո գնում եմ այլ հողերի համար էլ հայտ ներկայացնելու, ու աշխատակիցն ասում է՝ «գործ չունես, շատ են հայտերը, դժվար է լինելու»։ Նա ինձ հետ պահեց ու տվեց իր հեռախոսահամարը, որի  իրավունքը չուներ,  ու ավելացրեց, որ իմ ուզած հողերի համար ուրիշ գնորդ չկա։ Ամսի 12-ն էր, հայտ ներկայացնելու վերջին օրը, ես ամսի 11–ին զանգում եմ իրեն, ասում է ոչ մի խնդիր չկա, բայց պարզվում է, որ այդ հողատարածքները գնվում են ինչ-որ մեկի կողմից՝ մեկնարկային գնով, այսինքն՝ եղել էին մարդիկ, ովքեր հայտ էին ներկայացրել այդ հողատարածքների համար»։

Արշակ Ղարիբյանը հուսով է, որ մեղավորները կպատժվեն. «Իմ պահանջը այն է, որ մեղավորները պատժվեն, աճուրդն էլ չեղյալ հայտարարվի, փաստաբանս այդ հարցերով զբաղվում է, բայց իրավապահ մարմիները դեռ ոչ մի քայլ չեն անում»։

Մանրամասները՝ տեսանյութում։