Քինգ Լեոպոլդ. Ավստրալիայի իշխանություններն անվանափոխել են Բելգիայի նախկին թագավորի պատվին անվանակոչված լեռները (լուսանկար)

17:36 • 03.07.20

Ավստրալիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Քինգ Լեոպոլդ լեռները, որոնք անվանվել են Բելգիայի նախկին թագավոր Լեոպոլդ 2-րդի պատվին, անվանափոխվել են և ստացել տեղի բնակիչների լեզվով անվանում. այժմ դրանք կոչվում են Wunaamin-Miliwundi: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Արևմտյան Ավստրալիա նահանգի տեղաբնիկների հարցերով նախարար Բեն Ուայաթին:

«1879 թվականին (ճանապարհորդ) Ալեքսանդր Ֆորեսթը տեսավ այս հոյակապ լեռները և հիացմունքից այն անվանեց Բելգիայի թագավոր Լեոպոլդի պատվին: Այսօր մենք դրանք պաշտոնապես անվանափոխել ենք Վունաամին Միլիվունդի. դա այն անվանումն է, որը լեռները կրում էին այդ թագավորից շատ առաջ»,-ասված է նախարարի հաղորդագրության մեջ:

Նախարարի խոսքով` լեռների անվանափոխությունը կատարվել է բնիկների խմբերի ցանկությամբ: Ուայաթն ընդգծել է, որ նոր անվանումը Վունաամին և Միլիվունդի բառերի համադրությունն է. այս լեռներն այդպես են անվանել համապատասխանաբար նգարինյին և բունուբա կոչվող ցեղերը:

Ավստրալական ABC հեռուստաընկերությունը նշել է, որ լեռները բելգիացի թագավորի պատվին անվանակոչել է ավստրալացի քաղաքական գործիչ և ճանապարհորդ Ալեքսանդր Ֆորեսթը, սակայն անձամբ Լեոպոլդ 2-րդը ոչ մի կապ չի ունեցել Ավստրալիայի հետ: Ճանապարհորդը որոշել է նրա պատվին անվանել լեռները` ելնելով «միապետի` անհայտ տեղերով ճանապարհորդելու սիրուց»:

«Ես ուրախ եմ, որ մենք վերջապես տարբերակ գտանք ջնջելու մի մարդու անուն, որին պատմությունն ընդունում է որպես բռնակալ, որը վերացրել է շատ աֆրիկացիների և ոչ մի կապ չի ունեցել Արևմտյան Ավստրալիայի հետ»,-ավելացրել է նախարարը:

Վերջերս ԱՄՆ-ում և Բելգիայում սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանության ֆոնին անցկացվող ռասիզմի դեմ բողոքի ակցիաների ընթացքում Կոնգոյում իր դաժան գաղութային քաղաքականությամբ հայտնի Լեոպոլդ 2-րդի արձանները ենթարկվել են հարձակումների և պղծման, այդ թվում` Բելգիայի խոշորագույն քաղաքներ Բրյուսելում և Անտվերպենում: