Հայաստանի մարզերում չի իրականացվում թափառող շների վերահսկման քաղաքականություն․ կենդանապաշտպաններ (տեսանյութ)

22:36 • 03.07.20

Թափառող շների հարցը Հայաստանի գրեթե բոլոր մարզերում անտեսված է, քանի որ չկան  կենդանիների վերահսկման և վնասազերծման կենտրոններ։ Մարզպետարաններ և համայնքապետարաններ մեր կատարած հարցումների արդյունքում պարզ է դառնում, որ Հայաստանի մարզերից շատերում խնդրի դեմ պայքարի համար բյուջեով գումար չի հատկացվում։ Միայն Արմավիրի մարզպետարանն է, որը  դիմել է Կառավարություն՝ մարզում համապատասխան մասնագիտացված կենտրոններ ստեղծելու համար։

Իսկ Գյումրու քաղաքապետարանը 2020 թվականին անասնաբուժական կլինիկայի հետ կնքել է պայմանագիր՝ թափառող կենդանիների վնասազերծման նպատակով, սակայն գյումրեցիները չեն դադարում բողոքել թափառող շներից, վերջերս էլ այստեղ թափառող շների ոհմակը հարձակվել էր 2.5 տարեկան երեխայի վրա։

Կենդանիների իրավունքներով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներն ու կենդանասերները ափսոսանքով նշում են, որ թափառող շների խնդիրը օրակարգում է միայն մայրաքաղաքում, որտեղ քաղաքապետարանի ներքո գործող «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն»-ի կատարած աշխատանքների արդյունքում 2019 թվականի ընթացքում ստերջացվել է 2335 շուն, իսկ 2020 թվականի ընթացքում ստերջացված շները եղել են 647-ը, 70 շունն էլ քնեցվել է։

Բրիտանական «Փրո Փոուզ» կենդանապաշտպան կազմակերպության Հայաստանի ներկայացուցիչ Նարե Արամյանը Tert.am-ի հետ զրույցում նշում է, որ այս հարցի կարգավորման ուղիները քննարկելիս հայտնվում են փակուղու առաջ, քանի որ թափառող կենդանիների հիմնախնդիրներին Հայաստանում համակարգային լուծում տրված չէ. «Կա բացարձակ անտարբերություն  իրենց հետ ուղղակիորեն չկապված խնդիրների լուծման հարցում, և մենք պետք է հասկանանք, որ միևնույն է մի օր պետք է սկսենք այս հարցով զբաղվել։ Ունենալով համապատասխան կառույցներ, որոնք պետք է զբաղվեն  կենդանիների վերահսկողությամբ և պաշտպանությամբ և դրանով հանդերձ բաց թողնել խնդիրը շտկելու հնարավորությունը, ուղղակի անմտություն կլինի»։ 

Մեզ հետ զրույցում «Դինգո» թիմի հիմնադիր տնօրեն Օվսաննա Հովսեփյանն էլ ասաց, որ  դեռ մեկ տարի առաջ էր դիմել Կառավարություն՝ մարզերում շարժական կլինիկաներ ստեղծելու առաջարկով, բայց ոչ մի արձագանք չի ստացել. «Ես՝ որպես տարիներով այս ոլորտում եղած մարդ, ուղղակի այլ լուծում չեմ տեսնում, քանի որ վաղ թե ուշ պետք է այդ հարցը լուծվի, չենք կարող այսպես թողնել, սպանդն արդեն օրենքով արգելված է և ոչինչ չանել նույնպես չի լինի և որքան շուտ սկսվի այդ ծրագրերի իրականացումը, այնքան ավելի արագ հարցը կլուծենք, առիթից օգտվեմ և նորից դիմեմ Կառավարությանը, որ մտածեն շարժական կլինիկաններ ստեղծելու մասին»:

Օվսաննա Հովսեփյանը առաջարկում է Կառավարությանը կից առանձին գերատեսչություն ստեղծել, որը կզբաղվի միայն թափառող կենդանիների հարցերով։ Սրանից բացի պետք է սովորեցնել բնակչությանը կենդանիների հետ վարվեցողության կանոնները։

Օվսաննա Հովսեփյանը պատմում է, որ իրենց կազմակերպության ռեաբիլիտացիոն կենտրոնում բնակվող շների մեծ մասը ենթարկվել են մարդկային դաժանության։ «Ամենառաջինը կրթության պակաս ունենք, որը կսովորեցնի կենդանիներին սիրել, նրանց հետ ինչպես վարվել․․․որքան զարգացած է երկիրը և այդտեղ մարդկանց իրավիճակը ավելի լավ է, դա ուղիղ կապ ունի, թե երկրում ինչպես են կենդանիների հետ վարվում, դա նաև ուղիղ կապ ունի քաղաքակրթության հետ, մենք ունեն կրթության լուրջ պակաս»։

Կենդանիների իրավունքներով զբաղվող կազմակերպություններն ու անհատները համաձայն են, որ խնդրի կարգավորումը ծախսատար և ժամանակատար է, սակայն դրա ուղղությամբ դեռևս որևէ քայլ չի կատարվում։