Կարելի էր նամակ ուղարկել խմբագրություններ, ասել՝ ՀՌԱՀ նախագահի ասածը պաշտոնական չէ, բայց իշխանության նպատակը սարսափի մթնոլորտ տարածելն է.Ենոքյանը՝ «Արմնյուզ» ՀԸ և «5-րդ ալիք» ՀԸ ոստիկանների այցի մասին
Սա խոսքի ազատության դեմ սկսած արշավ է և ժամանակն էլ պատահական չէր ընտրված: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը՝ անդրադառնալով «Արմնյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաընկերություններ ոստիկանության այցերին և վարչական վարույթ հարուցելուն:
«Սահամանադրական դատարանի հետ կապված հակասահմանադրական օրենքներ ընդունելուց հետո Նիկոլ Փաշինյանին թվում է, թե ինքն արդեն իշխանության այդ ճյուղին՝ դատական իշխանությանը, տիրապետում է: Նրան թվում է, թե Սահմանադրական դատարանի հանդեպ իր գործողությունները կսարսափեցնեն բոլոր դատավորներին և նրանք կդառնան իրեն հնազանդ, և ժամանակ իսկ չկրոցնելով՝ նա սկսում է ճնշուները լրատվամիջոցների նկատմամբ»,- ասաց նա:
Նա նշեց, որ շատ կարևոր է այն հանգամանքը, որ երկրում ստեղծված քաոսի պայմաններում, երբ ամեն մի դեպքի համար կա մի քանի պետական որոշում, մի քանի մեկնաբաություն, իշխանությունն օգտագործում է այն մեկնաբանությունը, որն իրեն ձեռնտու է:
Անդրադառնալով ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանի հայտարարությանն առ այն, որ դիմակ կրելը եթերում պարտադիր չէ, ինչից հետո օրինակ «Արմնյուզի» մեկնաբանները սկսել են դիմակ չկրել, Ենոքյանը նշեց. «Առավել ցավալի էր այսօր տեսնել ՀՌԱՀ ղեկավարի մեկնաբանությունը ֆեյսբուքում: Նա փաստորեն բողոքում էր լրագրողներից ու լրատվամիջոցներից, որ իր ասածները լուրջ են ընդունել: Եթե ՀՌԱՀ-ը անգամ այդ պարզունակ հարցերը կարգավորելու հնարավորություն չունի, ապա իշխանությունները ՀՌԱՀ-ը որպես ի՞նչ են պահում, ընդ որում հսկայական միջոցներով, զուտ որպես հեռուստաընկերություններ փակելու, պատժելու գործի՞ք: Սա իսկապես լրջագույն խնդիրներ է ստեղծում: Եթե երկրում չկան խաղի կանոններ, ապա այդտեղ ապրելը դժվար է, որովհետև քո ամեն մի գործողությունը, քայլը կախված է վարչապետի կամքից»:
Հարցին՝ սա լրատվամիջոցների հետ աշխատելու ճի՞շտ ձև է, նա պատասխանեց, որ պետք է հաշվի առնել, որ լրատվամիջոցները տարբերվում են մնացած այլ պետական կամ մասնավոր հիմնարկներից: «Լրատվամիջոցների աշխատանքին հետևում են հարյուր հազարավոր քաղաքացիներ և լրատվամիջոցների հանդեպ պատժիչ գործողությունները կարող է և միտված է ամբողջ հասարակության մեջ սարսափի մթնոլորտ տարածելուն, քանի որ սա բազմապատկվում և տարածվում է ողջ Հայաստանով»,- ասաց նա:
Ենոքյանի խոսքով՝ այդ առումով ոստիկանության այդ գործողությունը պատահական չէր: «Հանգիստ կարելի էր նամակ ուղարկել, զանգել, ասել՝ դիմակ կրեք եթերում, ՀՌԱՀ-ի ղեկավարի ասածը պաշտոնական չէ, բայց դրա փոխարեն ոստիկանները մտնում են խմբագրություն, բնականաբար, խմբագրությունն այս մասին պետք է եթերով տարածի ողջ հանրապետությունով, ինչն էլ քաղաքացիների մոտ ստեղծում է անպաշտպանության զգացում»,- ասաց նա:
Իսկ թե ինչի են կոնկրետ թիրախավորվել «5-րդ ալիքն» ու «Արմնյուզը», Ենոքյանը նշեց՝ քանի որ այս ՀԸ-երը դուրս են իշխանությունների վերահսկողությունից, նպատակն այն է, որ այս լրավամիջոցներին մտցնեն իշխանությունների վերահսկղության տակ, որովհետև մյուսների հետ իշխանությունները խնդիր չունեն, մյուսները կատարում են իշխանությունների ամեն քմահաճույքը:










