Մտավախություն կար, որ 2.5 ժամ դիմակ կրելու հետևանքով դիմորդները վատ ինքնազգացողություն կունենային, սակայն նման դեպքեր չեն արձանագրվել. ԳԹԿ-ն՝ երեկ կայացած քննության վերաբերյալ
Հուլիսի 2-ին մեկնարկեցին միասնական քննությունները, դիմորդները քննություն հանձնեցին օտար լեզվից: Քննության օրերը որոշված են՝ հուլիսի 2-ին, 4-ին, 6-ին և 8-ին:
Երեկ դիմորդները քննություն են հանձնել է 6 օտար լեզվից՝ անգլերեն, ռուսերեն, գերմաներեն ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն։ Պարսկերեն լեզվից այս տարի քննություն չեն հանձնել: Ընդհանուր քննական կենտրոններն այս տարի 47-ն են։
Tert. am-ը Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանից հետաքրքրվեց, թե երեկ ինպե՞ս են ընթացել քննությունները և արդյո՞ք քննության արդյունքներից նախնական տվյալներ կան, թե ոչ:
Խաչանուշ Գրիգորյանի տեղեկացմամբ՝ քննական կենտրոններում գնահատականները փակցվում են քննության երրորդ օրը: Քննությունից երեք օր հետո միայն՝ 24 ժամվա ընթացքում, հնարավոր է քննության արդյունքը բողոքարկել, եթե դիմորդը քննության գնահատականի հետ համաձայն չէ.
«Քննության ավարտից հետո թեստի ճիշտ պատասխանները տեղադրվել են ԳԹԿ-ի ֆեյսբուքյան էջում: Եվ քանի որ քննություն հանձնողները պատասխանների լրացուցիչ պատճենը ունենում են, կարողանում են համեմատել ճիշտ պատասխանների հետ և իրենց միավորները հաշվել»:
Խաչանուշ Գրիգորյանը նշեց, չնայած որ նախնական տվյալներ դեռևս չկան, սակայն երեկ իր կատարած ուսումնասիրություններից պարզ է դարձել, որ բացակայությունների թիվը, նախորդ տարիների համեմատ, էականորեն շատ չի եղել:
Նրա պնդմամբ՝ որևէ մեկը ջերմություն ունենալու համար քննական տարածքից հետ չի վերադարձվել․
«Ինչպես նախապես հայտարարվել էր, քրոնիկ առողջական խնդրով պայմանավորված ջերմություն ունեցողները պետք է ոչ թե պոլիկլինիկայից տեղեկանք բերեին, որը կարող էր կոռուպցիոն ռիսկեր առաջացներ, այլ անկետայից քաղվածք ներկայացնեին, որ ջերմությունը հիվանդության պատճառով է, ոչ թե վիրուսի: Սակայն քննական կենտրոններ նման տեղեկանքներով ներկայացող չի եղել: Մտահոգութուն կար, որ բարձր ջերմությունով մարդը կարող է ջերմիջեցնող խմել և ներկայանալ, սակայն դա հնարավոր չէ պարզել»:
Մամուլի խոսնակի փոխանցմամբ յուրաքանչյուր քննասրահում եղել են մինչև 40 դիմորդ, նախկինում ՝ 200-250 հոգու փոխարեն:
Հարցին, թե քննության ընթացքում արձանագրվե՞լ են դեպքեր, երբ դիմորդի ինքնազգացողությունը վատացել է, նա նշեց. «Մատավախություն կար, որ երկուս կես ժամ դիմակ կրելու հետևանքով վատ ինքնազգացողություն ունեցողներ կլինեին, սակայն նման դեպքեր չեն արձանագրվել»:
Խաչանուշ Գրիգորյանը նաև նաև նշեց, որ երեկ ԳԹԿ-ում հերթապահ մասնագետներից տեղեկացել է, որ թեստերի անճշտության և այլ հարցերի վերաբերյալ դժգոհություններ հետ կապված զանգ չի հնչել, ինչը, նրա կարծիքով, լավ ցուցանիշ է:
Նշենք, որ այս տարի կորոնավիրուսով պայմանավորված դիմորդները միայն մեկ քննություն են հանձնելու բուհ ընդունվելու համար: Քննությունները կանցկացվեն մեկ փուլով:










