«Սուրբ Սոֆիայի տաճարը պետք է բաց լինի բոլորի համար». Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է հղել Թուրքիային

12:26 • 03.07.20

Ֆրանսիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը, որը 6-րդ դարում կառուցվել է որպես քրիստոնեական տաճար, պետք է բաց լինի բոլորի համար: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:

«Հանդուրժողականության և բազմազանության խորհրդանիշ այս վայրը պետք է բաց մնա բոլորի համար»,-հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարության խոսնակը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Թուրքիայի գերագույն դատարանը հայտարարել է, որ Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը կարող է փոխվել երկրի նախագահի հրամանագրով:

Ավելի վաղ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգնականներին հանձնարարել է Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանից մզկիթի կարգավիճակի վերափոխելու մասին բազմակողմանի ուսումնասիրություն կատարել:

Սուրբ Սոֆիայի տաճարը բյուզանդական ճարտարապետության հուշակոթող է: Այն կառուցվել է 532-537 թվականներին ՝ Հուստինիանոս կայսեր կողմից, որը որոշել էր այս տաճարով հավերժացնել Կոստանդնուպոլսի փառքը:

1453-ին Բյուզանդական կայսրության անկումից հետո տաճարը վերածվել է մզկիթի: 1935-ին, Թուրքիայի կառավարության որոշմամբ, որը ստորագրվել է ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի կողմից, տաճարը դարձել է թանգարան, կառույցի պատերը մաքրվել են որմնանկարներից և խճանկարներից: 1985-ին տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: