Ուրանի հարստացման իրանական գործարանի մոտ հրդեհի բռնկում են նկատել
Իրանի Սպահան նահանգի Նաթանզ քաղաքում գտնվող միջուկային կառույցում պայթյուն և հրդեհ է տեղի ունեցել: Associated Press-ի փոխանցմամբ՝ նման եզրակացության են եկել ամերիկացի վերլուծաբանները:
Երբ մամուլում տեղեկություններ հաղորդվեցին Նաթանզի ուրանի հարստացման գործարանում տեղի ունեցած հրդեհի մասին, Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունից հայտնեցին, որ միջադեպ է տեղի ունեցել կառույցում: Քաղաքային իշխանությունները, սակայն, միայն հաստատել են, որ այնտեղ հրդեհ է բռնկվել: Իշխանությունները հայտնում են, որ աշխատանքներն այնտեղ չեն դադարեցվել՝ անկախ արտակարգ միջադեպից:
Ավելի ուշ Իրանի իշխանությունները լուսանկար են հրապարակել գործարանի շենքից՝ նշելով, որ այն վնասվել է հրդեհի հետևանքով: Նշվում է, որ աղյուսե կառույցի պատերը վնասվել են, տանիքը՝ քանդվել: Հաղորդվում է անգամ, որ հրդեհը, որը գիշերային ժամերին է սկսել, այնքան վառ է եղել, որ երևացել է տիեզերքից և ֆիքսվել ամերիկյան կառավարական արբանյակի կողմից:










