Մերկելը պահել է լրագրողներին տված խոստումը և առաջին անգամ հանրային միջոցառման է ներկայացել դիմակով (լուսանկար)

15:42 • 03.07.20

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պահել է երկուշաբթի լրագրողներին տված խոստումը և հերթական միջոցառմանը դիմակով է ներկայացել, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։  

Կանցլերի՝ դիմակով լուսանկարը հրապարակվել է Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի վարչապետ Ռայներ Հազելոֆի թվիթերյան օգտահաշվում։ Լուսանկարն արվել է Դաշնային խորհրդի շենքի բակում, որտեղ Մերկելը Եվրամիության խորհրդում Գերմանիայի նախագահության վերաբերյալ ելույթ է ունեցել։

 

«Գերմանական նախագահության համատեղ մեկնարկ։ Տարածաշրջանների Եվրոպան հենց այժմ պետք է միավորվի»,- հրապարակմանը կից գրել է Հազելոֆը։

Երկու քաղաքական գործիչները լուսանկարում պաշտպանիչ դիմակներ են կրում։ Հազելոֆի դիմակին իր երկրամասի զինանշանն է պատկերված, իսկ Մերկելի դիմակի վրա Եվրամիության խորհրդում Գերմանիայի նախագահության լոգոտիպն է։

Երկուշաբթի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Մերկելը ստիպված է եղել լրագրողների այն հարցին պատասխանել, թե ինչու նա դիմակ չի կրում։ Մերկելն, իրապես, մինչ այս դիմակով հանրային որևէ միջոցառման չի ներկայացել՝ չնայած որ կանոնավոր կերպով կոչեր է հնչեցրել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համար անհրաժեշտ միջոցառումների՝ դիմակ դնելու, սոցիալական հեռավորությանը հետևելու վերաբերյալ։

Կանցլերն այդ ժամանակ լրագրողներին հայտնել էր, որ անհրաժեշտության դեպքում, օրինակ՝ խանութ գնալիս, կրում է դիմակ։ Մերկելն ընդգծել է, որ հետևում է կանոններին և փաստել, որ այլ միջոցառումներ նույնպես կլինեն, երբ իրեն հնարավոր կլինի դիմակով տեսնել։